- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբեր 28, 2022 | 20:43
Կրթություն
Գիտություն
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 9 հարցով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվել են կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ գիտական խորհրդի ներկայացրած առաջարկները, համալսարանի հաստիքացուցակն ու կառուցվածքը, ինչպես նաև ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Բացի դրանից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ 2023 թ․ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջեն) և բավարար գնահատել ռեկտորի 2021-22 ուստարվա գործունեության հաշվետվությունը։
Նիստի ներկայացված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ՀԽ-ի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ ֆիզիկայի ու ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միաձուլման ու վերակազմավորման եղանակով «Ֆիզիկայի ինստիտուտ» կառուցվածքային ստորաբաժանման վերակազմակերպելու վերաբերյալ ԳԽ որոշումը՝ փաստելով, որ կառուցվածքային այս փոփոխության նախագիծը կազմելու համար հիմք են դարձել բազմակողմանի վերլուծությունները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ քննարկումները։
Հնչած հարցերից ու պարզաբանումներից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվեց ներկայացված նախագծին՝ հաստատելով կառուցվածքային այս փոփոխության վերաբերյալ ԳԽ առաջարկը, ապա որոշեց, որ այն ուժի մեջ կմտնի 2023 թ․ մարտից։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցերին՝ Հ․ Հովհաննիսյանը ներկայացրեց ԳԽ-ի ներկայացրած կառուցվածքային այլ փոփոխությունների առաջարկները, այդ թվում՝ Պատմության ֆակուլտետում Վրացագիտության կենտրոն ստեղծելու վերաբերյալ որոշումը, որոնք հավանության արժանացան և հաստատվեցին ՀԽ անդամների կողմից։
Օրակարգային հաջորդ հարցերի շրջանակում էլ Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացվեցին 2023 թ․ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջեն), ինչպես նաև հաստիքացուցակն ու կառուցվածքը։ ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց անհրաժեշտ հիմնավորումներ և պատասխանեց հնչած հարցերին, որից հետո ՀԽ-ն հաստատեց ներկայացված նախագծերը։
Այնուհետև ՀԽ անդամները որոշեցին ընդունել անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի առաջարկը և դրա հիման վրա հայտ ներկայացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե:
Հաջորդիվ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, կրկնվող ձևակերպումներից խուսափելու, կրթության զարգացման միջազգային միտումներին համահունչ դարձնելու, ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման համար հաշվետվողականության մեխանիզմների հստակեցման ու փոփոխման, ինչպես նաև բարեվարքության կանոնների ու դրանց ստուգման ընթացակարգերի ներդրման անհրաժեշտությամբ։
Հնչած հարցերից, դիտարկումներից ու նկատառումներից հետո ՀԽ-ն որոշեց հաստատել ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ պայմանով, որ աշխատանքային խումբը երկօրյա ժամկետում կշտկի բարձրաձայնված տեխնիկական խնդիրները, որից հետո այն կմտնի ուժի մեջ։
Օրակարգային վերջին հարցի շրջանակում ՀԽ-ն լսեց ռեկտորի 2021-2022 ուստարվա գործունեության հաշվետվությունը, որի ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց կրթության ու գիտության զարգացմանն ուղղված ծրագրերը, միջազգայնացման գործընթացը, արդյունավետ կառավարմանը միտված բարեփոխումները, հիմնական ձեռքբերումները, ենթակառուցվածքների լավարկմանն ուղղված նախագծերն ու սոցիալական պատասխանատվության շրջանակում կյանքի կոչված նախաձեռնությունները։
Ռեկտորի խոսքով հաշվետու ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես ընթացիկ ռազմավարական նպատակների իրականացման, բնականոն գործունեության անխափանության ապահովման, ինչպես նաև բուհի զարգացման տեսլականի վերաիմաստավորման ու համապարփակ բարեփոխումների նոր ծրագրի նախապատրաստման ընթացք։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվեց ռեկտորի հաշվետվությանը՝ այն գնահատելով բավարար։