- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
Նոյեմբեր 30, 2022 | 19:07
Կրթություն
Հասարակություն
Մշակույթ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
Նախքան համալսարանականների հետ հանդիպումը մաեստրոն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի անկյունում: Այնուհետև մեծանուն կոմպոզիտորին մեծաթիվ ԵՊՀ-ականներ դիմավորեցին մշակույթի կենտրոնում:
Համալսարանականների հետ հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, առանձնակի կարևորելով Տիգրան Մանսուրյանի այցը Երևանի պետական համալսարան, վստահեցրեց, որ կոմպոզիտորի ստեղծած արվեստի մասին հնարավոր է անվերջ խոսել:
Անդրադառնալով պետականաշինության գործում մշակույթի ունեցած դերին՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ երկրի ապագան նաև պայմանավորված է գիտության և արվեստի մեծանուն ներկայացուցիչների կատարած գործի հանդեպ ցուցաբերած հարգանքով:
«Յուրաքանչյուր ազգ հզոր է իր մեծերով․ հայ ազգի մեծություններից են՝ Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, Արամ Խաչատրյան... Այսօր ես անչափ ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, լսելու և հարցեր տալու մեծանուն կոմպոզիտորին»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:
Հանդիպման ընթացքում կոմպոզիտորին և նրա գործը ներկայացրին նրա հետ երկար տարիներ ստեղծագործական ուղի անցած ընկերները՝ ԵՊՀ երկարամյա պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, բ․գ․դ․ Հենրիկ Էդոյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը։
Այնուհետև դիտելով կոմպոզիտորի մասին պատմող կարճ տեսաֆիլմ՝ համալսարանականները հնարավորություն ունեցան տալու իրենց հետաքրքրող հարցերը:
Մեջբերելով կոմպոզիտորի այն միտքը, թե Հայաստանը դառնալու է գիտության հիմքի վրա զարգացող երկիր՝ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության աշխատակից Մարինե Մկրտչյանը հարցրեց, թե այդ գործում ի՞նչ դերակատարում ունի Երևանի պետական համալսարանը, որին ի պատասխան՝ մաեստրոն նշեց. «Աշխարհը գտնվում է բեկումնային իրավիճակում, և գոյացել են այնպիսի տարօրինակ խնդիրներ, որոնք մի կողմից՝ դրական, մյուս կողմից՝ ծայրահեղ բացասական նշանակություն ունեն: Ես կարծում եմ, որ մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք։
Հայաստանը դեռ Սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ մենք այդպիսին մնացել ենք: Համալսարանը ոչ միայն գիտության ռացիոնալ, այլև ազգային գիտակցության հումանիտար ամենամեծ կենտրոնն է: Այն հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս: Այս երկուսի համատեղումն ապահովում է համալսարանը»։
Ամփոփելով խոսքը՝ մաեստրոն հորդորեց ուսանողներին լավ սովորել՝ ապահովելու գիտության անընդհատական զարգացումը:
ԵՊՀ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կարևորելով կենտրոնի նախաձեռնած «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումները, մեզ հետ զրույցում ասաց. «ԵՊՀ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գլխավոր և սկզբունքային նպատակներից է ձևավորել կապ ժամանակի մեծությունների և համալսարանականների միջև՝ նպաստելով նրանց հոգևոր հարստության զարգացմանը: Վստահաբար կարող եմ ասել, որ կոմպոզիտորի հետ կազմակերպված հանդիպումը լավագույն հնարավորությունն էր համալսարանականների համար հղելու իրենց հետաքրքրող հարցերը»:
Նշենք, որ հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարեց «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է: