- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
Մարտ 31, 2023 | 19:10
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայ օգնության ֆոնդ» միավորման Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ համատեղելու իրենց ռեսուրսներն ու ջանքերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացումը խթանելու նպատակով։
Ըստ համաձայնագրի՝ ԵՊՀ-ն այսուհետ ճանաչում է ՀՕՖ-ի հիմնադրած Երեխաների պաշտպանության կենտրոնը` որպես Երեխաների պաշտպանության գերազանցության կենտրոն: ԵՊՀ-ն պարտավորվում է իր նյութատեխնիկական և մասնագիտական ռեսուրսները համաձայնեցված կարգով օգտագործել «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների կրթական գործընթացում։
Բացի ուսումնական գործընթացի կազմակերպումից՝ կողմերը համատեղ մշակված և հաստատված մոդուլների հիման վրա իրականացնելու են համատեղ հավաստագրմամբ վերապատրաստումներ սոցիալական ոլորտի մասնագետների, մասնավորապես անձանց, ընտանիքների աջակցությամբ և երեխաների պաշտպանությամբ զբաղվող սոցիալական աշխատողների և հարակից ոլորտների մասնագետների համար:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ ոլորտներում գործակցելու հեռանկարները։