- Գլխավոր
- Նորություններ
- ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՄՓՈՓՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԳՅՈԹԵ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ
Դեկտեմբեր 02, 2022 | 16:21
Կրթություն
Գիտություն
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՄՓՈՓՎԵՑ ԹԲԻԼԻՍԻԻ «ԳՅՈԹԵ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ
Ծրագրի՝ գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդները յուրացրած մասնակից ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:
Դասընթացի շրջանակում ուսանողները ձեռք են բերել տեքստերի շուրջ տարվող աշխատանքների, լսարանի հետ ծանոթանալու, տեղեկատվությունն առավել գրավիչ ներկայացնելու և այլ մեթոդների վերաբերյալ հմտություններ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանը փաստեց՝ ծրագիրը գերազանցել է սպասելիքները: Նրա խոսքով՝ ուսանողների ոգևորվածությունը առիթ է տալիս մտածելու այն որպես առարկայական դասախոսությունների բաղկացուցիչ մաս դարձնելու ուղղությամբ:
«Վստահաբար ասում եմ, որ այս ծրագիրը դասավանդման մեթոդների հետ կապված բազմաթիվ կարծրատիպեր կոտրեց և մասնակից ուսանողների համար հիմք դարձավ վերարժևորելու մանկավարժի դերն ու նշանակությունը»,- շեշտեց Գ. Սավոյանը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, «Գյոթե» ինստիտուտի ներկայացուցիչ և ծրագրի շրջանակում վերապատրաստում իրականացնող Մերի Նավասարդյանը ևս ընդգծեց ծրագրի ունեցած հաջողությունը: Մեզ հետ զրույցում խոսելով դասընթացների արդյունավետությունից՝ Մ. Նավասարդյանը նշեց, որ յուրաքանչյուր դասընթաց ամփոփվել է «ի՞նչ տվեց դասընթացը» հարցադրմամբ: Նրա խոսքով՝ դա ևս դասավանդման ժամանակակից մեթոդիկայի բաղադրատարր է։
«Այս դասընթացն ապացուցեց, որ ուսանողներին մոտիվացված պահելու գլխավոր գործոններից է նաև դասավանդման մեթոդաբանությունը: Հատկանշական է, որ ստեղծված պայմաններն ու միջավայրը ցույց տվեցին, թե որքան պրպտող են մեր ուսանողները: Լիահույս եմ, որ համագործակցության շրջանակում կիրագործվեն այլ ծրագրեր ևս»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի ներկայացուցիչը:
Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում ուսանողները կատարել են խմբային տարբեր աշխատանքներ, ինչը, վերապատրաստողի կարծիքով, նպաստել է նրանց՝ տարբեր միջավայրերում աշխատելու, հեշտ սոցիալիզացվելու գործընթացին:
Ծրագրի մասնակից, ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների հավաստմամբ՝ սա լավագույն հնարավորությունն էր յուրացնելու գերմաներենի դասավանդման նոր մեթոդները: Նրանց խոսքով՝ ծրագրին մասնակցելուց հետո նախընտրելի մասնագիտությունների շարքում ավելացել է մանկավարժությունը, որը հնարավորություն կտա լավագույնս կիրառելու ստացած նոր գիտելիքը:
Նշենք, որ ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 30 ուսանող, որոնցից ընտրվել են գերմաներենի տիրապետման առավել բարձր մակարդակ ունեցող հայտատուները: