- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոյեմբեր 17, 2022 | 18:36
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հաջողակ մարդկանց ամենակարևոր ունակությունը» խորագրով տեղեկատվական հանդիպմանն ուսանողներին ներկայացվեցին հաջողակ վաճառքներ կատարելու հմտությունները և աշխատաշուկայում առկա նոր առաջարկները։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ «Ռոբերտ Շուման» սրահում տեղի ունեցավ հանդիպում «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ այն կազմակերպվել է երկու կառույցների համագործակցության շրջանակում՝ ուսանողներին աշխատաշուկայում առկա հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:
Հրավիրյալ բանախոսները ներկայացրին ընկերության՝ Հայաստանում գործող ապահովագրատեսակները, հաջողակ վաճառքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև ընկերությունում աշխատելու հնարավորությունները:
Ընկերության անհատական վաճառքների բաժնի ղեկավար Սերգեյ Շահինյանը, անդրադառնալով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվող միջոցառումներին, նշեց, որ դրանք պարբերական բնույթ ունեն: Նրա խոսքով՝ ընկերությունը լայն հնարավորություններ է ընձեռում ուսանողներին:
«ԵՊՀ ուսանողները կարող են հեշտությամբ աշխատանք գտնել, այդ թվում՝ մեր ընկերությունում, որտեղ անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք սեփական պոտենցիալը բացահայտելու ձգտում ունեն և ցանկանում են հարստացնել գիտելիքները։ Ընկերությունում, անկախ մասնագիտությունից, ուսանողները կուսուցանվի հագեցած և արդյունավետ ծրագիր, որից հետո նրանք ինքնադրսևորվելու հնարավորություն կունենան, անգամ եթե այլ մասնագիտություն ունեն»,- ընդգծեց Ս. Շահինյանը:
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանող Եվա Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց. «Առաջին անգամ եմ ԵՊՀ-ում և շատ տպավորված եմ: Այս հանդիպումը հնարավորություն տվեց ծանոթանալու ապահովագրական ոլորտին, որն այսօր մեծ պահանջարկ ունի և աշխատանքի լայն հնարավորություններ է ընձեռում»:
Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը մշտապես կազմակերպում է նմանօրինակ միջոցառումներ, որոնք միտված են բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: