- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
Դեկտեմբեր 15, 2022 | 16:23
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ԵՊՀ դասախոսները բարելավում են դասավանդման իրենց հմտությունները՝ ուսումնասիրելով թվային նոր մեթոդներ:
ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում առկա թվային գործիքները հնարավորություն են տալիս դասախոսներին դասապրոցեսն առավել ակտիվ, յուրօրինակ և տարբերվող դարձնելու:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի համակարգող Անուշ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. «ԵՊՀ-ում այս ուղղությամբ այժմ տարբեր ծրագրեր են մշակվում: Դասախոսների հավաստմամբ՝ դրանք իրապես օգնում են դասի արդյունավետ կազմակերպմանը»:
Դասընթացավար, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, կարևորելով թվային գործիքների ներդրումն ամենօրյա դասապրոցեսում, մատնանշեց, որ երիտասարդներն այժմ նորագույն տեխնոլոգիաների միջոցով փոխանցվող գիտելիքներն ավելի հեշտությամբ են ընկալում և մտապահում, այդ իսկ պատճառով այդօրինակ գործիքների կիրառումը կոգեշնչի նրանց, որ ձգտեն ավելին սովորելու:
«Ավանդական ձևով՝ դասախոսությամբ, բանավոր զրույցների միջոցով անցկացվող դասին երբեմն մասնակցում են միայն ակտիվ ուսանողները, իսկ մյուսները, որոնք չեն սիրում խոսել կամ իրենց կարծիքն արտահայտել, ինչ-որ առումով դուրս են մնում դասապրոցեսից: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, որ բոլոր ուսանողները ներգրավվեն դասապրոցեսում: Կարծում եմ՝ դասերը պետք է անցկացվեն նաև թվային գործիքների կիրառմամբ»,- ասաց Ս. Խաչատրյանը:
ԵՊՀ Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը, որը ևս մասնակցել է դասընթացին, նշեց, որ ինքն արդեն իսկ աշխատում է, որ հաջորդ տարի մասնագիտական մեծաթիվ թեմաներ ընդգրկված լինեն համապատասխան գործիքակազմի մեջ:
«Դասընթացն իսկապես նպաստեց, որ, մի քանի գործիքների տիրապետելով, մեր գիտելիքն առավել հետաքրքրիր ու մատչելի մատուցենք և բոլոր ուսանողներին հեշտությամբ ներգրավենք դասապրոցեսում: Դասախոսության այս ձևը հետաքրքիր է ոչ միայն ուսանողի, այլև դասավանդողի համար»,- ասաց Օ. Գեղամյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ այս գործիքների շնորհիվ ուսանողներն առավել ուշադիր են լսում և դյուրությամբ ընկալում, և անհրաժեշտ տեղեկատվությունը լավ է տպավորվում:
Ամփոփելով խոսքը՝ Օ. Գեղամյանը նշեց. «Գիտելիքների ստուգում հնարավոր է կատարել նույն հետաքրքիր մեթոդների միջոցով, ինչը ևս մեկ անգամ ամրապնդում է այն մոտեցումը, որ, գիտատեխնիկական զարգացմանը զուգահեռ, դասախոսները պետք է թարմացնեն նաև իրենց մոտեցումները գիտելիքների մատուցման եղանակների վերաբերյալ»:
«Ինչ չես անի թրով, ոսկով, ձեռք կբերես քաղցր խոսքով»,- մեջբերելով արևելյան ասացվածքի պատգամը՝ բ.գ.թ., դոցենտ Նարինե Ներսիսյանն ընդգծում է, որ խոսքն ունի բացառիկ նշանակություն, իսկ դրա ճիշտ մատուցումը հոգեբանական խթան կարող է լինել ուսանողների համար: Նա դասերի ժամանակ արդեն իսկ կիրառել է գործիքներից մի քանիսը և հավաստիացնում է՝ ուսանողները ոգևորվում են և ոգեշնչվում:
Նշենք, որ 2023 թ. հունվարից նոր՝ երրորդ խմբի ձևավորումից հետո կրկին կկազմակերպվի թվային գործիքների ուսուցման դասընթաց:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոն:
Հավելենք, որ ԵՊՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում լսարանների՝ նորագույն տեխնիկայով հագեցած լինելուն. այս տարի բացվել են տեխնիկապես հագեցած նոր լսարաններ, իսկ առկա լսարանները համալրվել են «խելացի» գրատախտակներով և նորագույն այլ սարքավորումներով: Այսօրինակ բարեփոխումները շարունակական են լինելու՝ նպատակ ունենալով խրախուսելու դասապրոցեսում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմանը։
Կարինե Հովհաննիսյան