- Գլխավոր
- Նորություններ
- ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 30, 2022 | 17:03
Կրթություն
Գիտություն
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ. ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասավանդվող «Դիվանագիտական գրագրություն (իսպաներեն)» առարկայի շրջանակում ուսանողները մասնակցել են Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հետ առցանց դասախոսությանը՝ «Հայ-իսպանական հարաբերությունները և դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները» թեմայով։
Հանդիպման նպատակն էր ուսանողներին մասնագիտական նոր գիտելիքներ փոխանցելը:
Հանդիպման սկզբում միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը դեսպանին ողջունելուց հետո անդրադարձել է ֆակուլտետի ստեղծմանն ու զարգացմանը, որից հետո դեսպանը ներկայացրել է երկու երկրների փոխգործակցության պատմությունն ու հեռանկարները: Նա իր օրինակով ներկայացրել է դիվանագետի առաքելությունը, հիմնական գործառույթները և պարտավորությունները, դիվանագիտական բանակցություններ վարելու, դիվանագիտական արարողակարգի և վարվեցողության առանձնահատկությունները։
«Դիվանագիտական գրագրություն (իսպաներեն)» առարկայի դասախոս, ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, բ․գ․թ. Ռուզաննա Պետրոսյանը, շեշտելով, որ առցանց դասախոսությունը ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համատեղ աշխատանքի արդյունք է, նշեց․ «Դասախոսությունը կազմակերպելու գաղափարը ստեղծվել է ուսանողների հետ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով, թե որքան կարևոր են դիվանագետների և հատկապես դեսպանների հետ հանդիպումները: Այնուհետև ֆակուլտետի ղեկավարությունն օժանդակեց հանդիպման կազմակերպման հարցում»։
Դեսպան Սոս Ավետիսյանը, կարևորելով նմանատիպ հանդիպումներն ու նախաձեռնությունները ուսանողների մասնագիտական կայացման և զարգացման տեսանկյունից, ուսանողներին խորհուրդ տվեց անընդհատ ուսումնասիրել մասնագիտական գրականություն՝ չսահմանափակվելով սակավաթիվ հոդվածներով և, որ ամենակարևորն է, չամաչել հարցեր տալուց, քանզի պրոֆեսիոնալ մասնագետ են դառնում հիմնականում հարցասերները:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Թամարա Սարգսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով կազմակերպված հանդիպման կարևորությանը, նշեց. «Դեսպանի տված խորհուրդները կդառնան մասնագիտական զարգացման կարևոր ուղենիշ և մոտիվացիայի աղբյուր: Հանդիպելով այսօրինակ ձեռքբերումներ ունեցող մասնագետների հետ՝ գիտակցում ենք, որ մեր մասնագիտության մեջ հմտանալու և մեր հայրենիքին արժանի լինելու համար պետք է ձգտենք ավելիին»:
Նշենք, որ առցանց դասախոսությանը մասնակցել է նաև դեսպանության երրորդ քարտուղար, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Ժենյա Գյուլբանգյանը։ Ռ. Պետրոսյանի խոսքով՝ վերջինս լավ օրինակ է ուսանողների համար հասկանալու, որ որակյալ կրթության, ջանադիր աշխատանքի և անձնային որակների շնորհիվ նրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ լավ դիվանագետ և մեր երկրի շահերը ներկայացնել այլ պետություններում: