- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԼՍԱՐԱՆ. ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
Հոկտեմբեր 20, 2022 | 14:15
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԼՍԱՐԱՆ. ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ
ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի հետ համագործակցության շրջանակում «Majorel Armenia» («Մեյջորել Արմենիա») միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել և նորագույն տեխնիկայով է համալրվել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 507 լսարանը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Գերմանական անկյունը»՝ համալրված նորագույն սարքավորումներով և տեխնիկայով, կխթանի ֆակուլտետում գերմաներենի՝ նոր մակարդակով ուսուցումը, ինչպես նաև կծառայի տարբեր ձևաչափով անցկացվող սեմինարների, քննարկումների և գիտաժողովների համար:
««Majorel Armenia» միջազգային կազմակերպությունում աշխատում են շուրջ 400 անձինք, որոնցից շատերը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտներ են: Մենք անչափ կարևորում ենք այսօրինակ համագործակցությունները ֆակուլտետի և աշխատաշուկայի միջև. հույս ունենք, որ մեր ուսանողները՝ որպես աշխատակից, հետագայում իրենց տեղը կգտնեն միջազգային կազմակերպությունում»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Բարսեղյանը:
«Majorel Armenia» միջազգային կազմակերպության՝ մարքեթինգի և գործատուի բրենդավորման պատասխանատու Շուշաննա Վրացյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեծ նշանակություն է տալիս այսպիսի համագործակցություններին՝ օգտագործելով կրթությանն աջակցելու ցանկացած հնարավորություն:
«Հատկապես ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի հետ մեր համագործակցությունը մշտապես սերտ է եղել, որի արդյունքում էլ ստեղծվեց «Գերմանական անկյունը»»,- ասաց Շ. Վրացյանը:
«Majorel Armenia» միջազգային կազմակերպության և ԵՊՀ-ի միջև այս համագործակցությունն առաջինն էր, որը, կազմակերպիչների խոսքով, շարունակական է լինելու:
Հիշեցնենք, որ վերջերս համալսարանում բացվել է նաև ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոն: