- Գլխավոր
- Նորություններ
- ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
Օգոստոս 31, 2021 | 15:29
Կրթություն
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
Երևանի պետական համալսարանի «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը կատարում է 2021-2022 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից։
Դասընթացները սկսվում են հոկտեմբերի 1-ից և ավարտվում մայիսի 31-ին։ Դրանք անցկացվում են առկա, իսկ հեռավոր շրջանների դիմորդների համար պարապմունքները կարող են կազմակերպվել նաև հեռավար:
«Նախապատրաստական դասընթացները նպատակ ունեն օժանդակելու ավարտական դասարանների աշակերտներին կամ արդեն իսկ դպրոցն ավարտածներին բուհի ընդունելության քննությունների նախապատրաստման գործընթացին»,- ասաց ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ Արշալույս Գալստյանը:
Դասընթացները կազմակերպվում են տվյալ ուստարում ընդունելության քննությունների պահանջներին համապատասխան ձևաչափով: Դիմորդը 8 ամիսների ընթացքում՝ մինչև մայիսի վերջ, հնարավորություն է ունենում ընդունելության և միասնական քննությունների պատրաստվելու հենց ԵՊՀ-ում:
«Ուսումնական գործընթացում ընդգրկված են այն դասախոսները, որոնք այս կամ այն կերպ առնչվել ու առնչվում են ընդունելության շտեմարանների կազմմանը և ծանոթ են ընդունելության կազմակերպման չափորոշիչներին ու պահանջվող նորմերին: Այս առումով, կարելի է ասել, ծրագրում դասավանդում են փորձառու դասախոսները»,- նշեց Արշալույս Գալստյանը և հավելեց, որ խմբերը բաղկացած են լինում առավելագույնը 8 հոգուց, որպեսզի ուսուցումը լինի ավելի արդյունավետ ու նպատակային:
Դիմորդները նախապես ենթարկվում են որոշակի թեստավորման, որի նպատակը համարժեք գիտելիքներ ունեցող անդամներով խմբերի ձևավորումն է: Բացի դրանից՝ պարբերաբար անցկացվում են ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, որոնց արդյունքների հիման վրա դասախոսների ու դիմորդների ծնողների միջև քննարկում է ծավալվում:
Հավելենք, որ դասընթացներ են կազմակերպվում նաև օտարերկրյա քաղաքացիների համար:
«Օտարերկրյա դիմորդների համար առանձին խմբեր են գործում: Նրանք նախ լեզվի թեստավորում են անցնում, որից հետո բաժանվում երեք խմբի՝ հայոց լեզվին չտիրապետողներ, մասամբ և լիարժեք տիրապետողներ: Մոտավորապես 3 ամիս միայն հայոց լեզու ինտենսիվ ուսումնասիրելուց հետո սկսվում է այլ առարկաների ուսուցանումը»,- պարզաբանեց «Նախապատրաստական դասընթացներ» բաժնի վարիչը:
Դիմորդներն ուստարվա ավարտին մասնակցում են քննությունների, որոնք կազմակերպվում են ընդունելության քննությունների պահանջներին համապատասխան թեստերի միջոցով: Այնուհետև վերջիններիս տրամադրվում է նախապատրաստական դասընթացների մասնակցության հավաստագիր, որը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան որոշմամբ, որոշակի արտոնություն է սահմանում բուհերի հեռակա բաժինների ընդունելության համար: Իսկ միասնական քննություններին դիմորդները մասնակցում են ընդհանուր սկզբունքներով:
Արշալույս Գալստյանը հավելեց, որ յուրաքանչյուր տարի տվյալների վերլուծություն ու վիճակագրություն է կազմվում, ըստ որի՝ նախապատրաստական դասընթացների մասնակիցների ավելի քան 90 տոկոսն ընդունվում է պետական և մասնավոր բուհերի առկա ու հեռակա բաժիններ:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ է, որը հնարավոր է վճարել և՛ կիսամյակային, և՛ ամսական կտրվածքով:
Դասընթացներն անցկացվում են ԵՊՀ 8-րդ մասնաշենքում (Աբովյան 52ա): Օտարերկրյա քաղաքացիների համար դրանք կազմակերպվելու են առավոտյան, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ ժամը 15:00-ից մինչև 18:00-ն:
Դիմորդները պետք է ներկայացնեն 1 լուսանկար և ծննդյան վկայականի (անձնագրի) պատճենը:
Դիմումների համար պետք է այցելել Աբովյան 52ա, 115 սեն. (Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ), հեռ.՝ 060 71 06 79, 096 71 06 79: