- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ Վ. Վ. ԴԵՄԻԴՉԻԿԸ
Նոյեմբեր 01, 2022 | 16:47
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ Վ. Վ. ԴԵՄԻԴՉԻԿԸ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Բելառուսի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան, Բելառուսի ԳԱԱ թղթակից անդամ, կ.գ.դ., պրոֆեսոր Վադիմ Դեմիդչիկը ներկայացրեց «Պլազմային թաղանթի մակարդակում բուսական բջջի առաջնային սթրեսային արձագանքի՝ վերօքս կախյալ մեխանիզմների պարզաբանումը» թեմայով զեկուցում:
Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանը և Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր Վադիմ Դեմիդչիկը համագործակցում են «Ֆիզիոլոգիական և կենսաքիմիական վերլուծության, թվային ֆենոտիպավորման և բջիջների ընտրության միջոցով Chlorellaceae միկրոջրիմուռների բելառուսական և հայկական շտամների աճման բնութագրերի ու H2-ի արտադրման ակտիվության ուսումնասիրություն և օպտիմալացում» հետազոտական ծրագրի շրջանակում:
Հետազոտական համատեղ աշխատանքներ կատարելու, փորձի փոխանակման, ինչպես նաև քննարկումներ անցկացնելու նպատակով պրոֆեսորը ժամանել է Հայաստան:
Վ. Դեմիդչիկի՝ Երևանի պետական համալսարան կատարած կարճաժամկետ այցի շրջանակում կազմակերպվեց դասախոսություն, որի ընթացքում գիտնականը ԵՊՀ ուսանողներին ներկայացրեց Բելառուսի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գործունեությունը, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերն ու գիտական ուղղությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Երևանի և Բելառուսի պետական համալսարանների միջև փոխանակման ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:
Վ. Դեմիդչիկը, անդրադառնալով ֆակուլտետում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին, միաժամանակ ներկայացրեց իր մասնագիտական հետաքրքրությունները, ուսումնասիրությունները և գիտական հետաքրքրությունների շրջանակը:
Ընդգծելով ԵՊՀ-ի հետ համագործակցության կարևորությունը և առհասարակ համալսարանի նշանակալի դերը գիտության զարգացման գործում՝ բանախոսը նշեց. «Իմ կարծիքով՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մի շարք առումներով առաջատար դիրքում է, օրինակ՝ ջրածնի ուսումնասիրության մեթոդները անհամեմատ լավ են մշակված. մենք միմյանցից շատ բան ունենք սովորելու»:
Լիլիթ Գաբրիելյանը, մեզ հետ զրույցում խոսելով վերոնշյալ դրամաշնորհային ծրագրից, մանրամասնեց, որ այն նվիրված է Հայաստանի և Բելառուսի հանքային աղբյուրներից ու տարբեր ջրավազաններից անջատված կանաչ ջրիմուռների շտամներում կենսաջրածնի արտադրության ուսումնասիրությանը, ինչպես նաև համակարգչային համապատասխան ծրագրի միջոցով առանձին բջիջների ֆենոտիպավորմանը:
«Այսպիսի հետազոտություններ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, կարելի է ասել, առաջին անգամ են կատարվում: Այս ուղղությունը բավականին հեռանկարային է, քանի որ կենսաջրածինը միտում ունի փոխարինելու բնական գազին. այն էկոլոգիապես մաքուր է և չի աղտոտում շրջակա միջավայրը»,- ընդգծեց Լ. Գաբրիելյանը:
Դասախոսությանը ներկա ուսանողները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ այսօրինակ փոխգործակցությունների շնորհիվ երկու համալսարանների պրոֆեսորներն ու ուսանողները կզարգացնեն մասնագիտական հմտությունները և կընդլայնեն գիտական հետաքրքրությունների շրջանակը: