- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ. ԹԻՎ 105 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Սեպտեմբեր 16, 2021 | 14:56
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ. ԹԻՎ 105 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ էին այցելել Երևանի թիվ 105 ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները:
Ֆակուլտետում աշակերտներին դիմավորեց Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԼՀ ֆակուլտետի դեկանի տեղակալ Մանե Յաղուբյանը:
Սեդա Գասպարյանը, ողջունելով աշակերտներին, նախ խնդրեց խոսել նրանց ձգտումների, հեռահար նպատակների, դեպի ԵՊՀ ձգտելու պատճառների մասին:
10-րդ դասարանի աշակերտուհի Նոնա Մանուկյանն ասաց, որ ցանկանում է ստանալ արդի ու պահանջարկ ունեցող մասնագիտություն, ապա՝ աշխատել այդ մասնագիտությամբ. «Նպատակ ունեմ ընդունվելու համալսարան, կարծում եմ՝ այսօրվա հանդիպումից հետո կկողմնորոշվեմ մասնագիտության ընտրության հարցում»:
Ամբիոնի վարիչն իր հերթին դպրոցականներին պատմեց, թե ինչպես է առաջին անգամ լսել ԵՊՀ-ի մասին. «Երբ ես դեռ 2-րդ դասարանի աշակերտ էի, մի առիթով հորս հետ անցնում էինք համալսարանի առջևի փողոցով, հայրս մատնացույց արեց համալսարանի շենքը և մեծ ակնածանքով ու պատկառանքով, որի մեջ խորը գնահատական կար համալսարանի նկատմամբ, ասաց. «Եթե ընդունվես այստեղ, ուրեմն ինձ համար ամենաընդունելի զավակը կլինես»: Այդ խոսքերի մեջ այնքան հարգանք ու վստահություն կային, որ դաջվեցին իմ մտքում ու առ այսօր չեն ջնջվել»:
Սեդա Գասպարյանը հումանիտար հոսքի աշակերտներին պատմեց բանասիրության՝ որպես գիտության ծագման, սահմանման, նշանակության մասին. «Բանասիրությունն անհատի, հասարակության վերաբերմունքն է բառի նկատմամբ»:
«Յուրաքանչյուր ազգ ունի իր յուրահատկությունը, որը ձևավորվել և ամրակայվել է, դարձել է նաև մտածողություն տվյալ ազգի համար հենց լեզվի միջոցով»,- ընդգծեց տիկին Գասպարյանը՝ փորձելով բացատրելով, թե ինչ շատ կարևոր մասնագիտության արահետի վրա են ուզում դպրոցականները կանգնել, և դա որքան անհրաժեշտ է ու օգտակար:
Ապա ամբիոնի վարիչը ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, կառուցվածքը, մասնագիտությունները, ընձեռած հնարավորություններն ու միջազգային համագործակցությունը, արտերկրում իրենց ուսանողների գրանցած հաջողությունները:
10-րդ դասարանի դասղեկ, աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշակերտների մեծ մասը նպատակ ունի ընդունվելու Մայր բուհ և մասնագիտանալու լեզուների ուղղությամբ. «Աշակերտներն այստեղ են եկել որպես ապագա դիմորդ՝ ծանոթանալու այն տեղին ու պայմաններին, որտեղ ապագայում ցանկանում են սովորել»:
Հասմիկ Ասլանյան