ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
![pupils-at-the-faculty-of-physics](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/cawtZ8aR1l5cRzMOJlKq13rF4S.jpg?h=bccd1fa5&itok=LQDInDqD)
Ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում աշակերտներին դիմավորեց դեկան Ռաֆիկ Հակոբյանը, որը ներկայացրեց ֆակուլտետը, կրթական ծրագրերը, դպրոցների հետ համագործակցության շրջանակում իրականացվող դասընթացներն ու ժամանակացույցը:
«Մեր հիմնական նպատակն է սեր արթնացնել բնագիտական բոլոր առարկաների հիմքում ընկած ֆիզիկայի հանդեպ: Այսօր կրթությունը շատ է կարևորվում: Պատերազմը բոլորիս ցույց տվեց, որ չի կարելի թերագնահատել ժամանակակից գիտությունը, որի արմատներում նույնպես ֆիզիկան է: Ուստի մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցությունը դպրոցների հետ, պատրաստ ենք տանջվել գոհացնող արդյունք ստանալու ու կրթված սերունդ ունենալու համար»,- ասաց Ռաֆիկ Հակոբյանը:
Ֆիզիկայի ֆակուլտետի մասնագիտական նորաբաց «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» ծրագրի ղեկավար Աշոտ Մելքոնյանը նշեց, որ դպրոցներում ֆիզիկայի դասավանդումը բավականին ցածր մակարդակի վրա է, ուստի այս ծրագրերը շատ կարևոր են:
«Ֆիզիկան հիմնարար գիտություն է, ուստի դեռևս աշակերտական նստարանից պետք է հիմքեր դնել: Անցած 30 տարիների ընթացքում բնական գիտությունները դեգրադացվեցին, սակայն հիմա պատկերը միանգամայն այլ է: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, բացեր ու թերություններ շատ կան, մանավանդ պաշտպանական ոլորտում»,- ասաց ֆիզիկոս, պահեստազորի գնդապետ Աշոտ Մելքոնյանը:
Ֆակուլտետի դեկանը նշեց նաև, որ դպրոցների և ուսումնական կենտրոնների հետ հանդիպումները շարունակական են լինելու: