- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. 14 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբեր 22, 2022 | 11:54
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. 14 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ-ում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրերի 23 ուսանողներ ստացել են ֆինանսավորում: Տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի նորարարության և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը, մագիստրոսական ծրագրերի ղեկավարները և ուսանողները:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով երկու մասնագիտությունների արդիականությունից ու կարևորությունից, ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանի համար, ռազմավարական առաջնահերթություններից է «հետազոտական համալսարան» կառուցելը, և այդ տեսանկյունից կարևոր է մագիստրոսական և ասպիրանտական այսօրինակ ծրագրերի առկայությունը:
«Նման ծրագրերը և դրանցում կրթություն ստացող ուսանողների հաջողությունները վառ ապացույցն են այն բանի, որ մենք պետք է շարունակենք ստեղծել մագիստրոսական արդիական ու մրցակցային ծրագրեր համալսարանի տարբեր ֆակուլտետներում և կենտրոններում՝ դրանց շուրջ համախմբելով առաջատար դասախոսների և տարածելով լավագույն փորձը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արմեն Գալստյանը մեզ հետ զրույցում վստահեցրին, որ այս նախաձեռնությունը երկուստեք կարևոր է, քանի որ, երբ գործատուին հետաքրքրում են նոր և որակյալ մասնագետներ, նա աջակցություն է ցուցաբերում՝ ստեղծելով լավ պայմաններ տվյալ մասնագիտությունների զարգացման համար, ուսանողներն առավել ոգեշնչվում են և ցուցաբերելով բարձր առաջադիմություն՝ գրանցում են մեծ հաջողություններ:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մագիստրոսական երկու ծրագրերի ուսանողներին կրթաթոշակ տրամադրելով, ոգևորելով և համապատասխան միջավայր ստեղծելով՝ նպատակ ունեն տալու անհրաժեշտ գիտելիքները բարդ խնդիրներ լուծելու համար: Նրա խոսքով՝ ԵՊՀ ուսանողները լուծում են Հայաստան ուղարկվող բարդագույն խնդիրները, քանի որ ստանում են լիարժեք կրթություն և ունեն գիտելիքների առավելագույն պաշար:
«PMI Science» գիտահետազոտական կենտրոնի նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը նշեց. «Այս փոխշահավետ համագործակցության միջոցով փորձում ենք նպաստել այն ուղղությունների զարգացմանը, որոնք արդիական են ողջ աշխարհում: Այն ուսանողները, որոնք ընտրում են նշյալ ուղղությունները, կարող են ներկայացնել լուծումներ, որոնք շատ պահանջված են ողջ աշխարհում»:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանող, կրթաթոշակակիր Ռիմա Ասատրյանն ասաց, որ ինքը՝ որպես ուսանող, շատ է կարևորում այն, որ գնահատվում են իր ջանքերն ու աշխատանքը:
«Կրթաթոշակն ստացել եմ լավ սովորելու շնորհիվ: Ուրախ եմ, որ ստացածս կրթությունը օգնում է ինձ հասնել հաջողությունների. վստահ եմ, որ իմ մասնագիտությունը, որն ապագայի մասնագիտություններից է, ինձ կօգնի հետագայում մեծ նպաստ բերելու մեր պետության և երկրի զարգացման գործում»,-նշեց Ռիման:
Նշենք, որ ուսանողներին ֆինանսավորում տրամադրելու նպատակով նախապես անցկացվել է մրցույթ՝ հիմք ընդունելով ուսանողների իրականացրած նախագծերի արդյունքները։ Մրցույթի արդյունքներով ընտրված լավագույն 23 ուսանողներն այս տարի ստացան ֆինանսավորում՝ յուրաքանչյուրը շուրջ 613,000 ՀՀ դրամի չափով, Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից և «Philip Morris International (PMI) Science» գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այս տարվա ֆինանսական ընդհանուր աջակցությունը կազմում է 14 միլիոն ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործում է 2017 թվականից: Այն նպատակ ունի պատրաստելու բարձրակարգ մասնագետներ տվյալագիտության բարդ, հետաքրքիր և հեռանկարային ոլորտում: Այն իրագործվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների (ISTC) կենտրոնի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ:
«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների գործուն աջակցությամբ: Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը նախապատրաստում է նյութագետների, որոնք կարող են արդյունավետ գործունեություն ծավալել մեքենաշինության, մետաղամշակման, միկրոէլեկտրոնիկայի, հանքարդյունաբերության, քիմիական, սննդի, կենսաբժշկական նյութերի, դեղերի և կոսմետիկական միջոցների արտադրության, բնապահպանության, գյուղատնտեսության և հարակից այլ ոլորտներում։