- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Սեպտեմբեր 29, 2022 | 19:45
Կրթություն
ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվել են ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, դոցենտի շնորհման հայցը, ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումներն ու անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը, ինչպես նաև ներկայացվել են մի շարք նոր ծրագրեր ու քննարկվել աշխատանքային հարցեր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ընթացիկ ուստարվա առաջին նիստի կապակցությամբ, ուստարվա ընթացքում հաջողություն և արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց։
Այնուհետև ռեկտորը տեղեկացրեց, որ օգոստոսին տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին ԵՊՀ ուսանողներ Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե, Գագիկ Մելքումյանը՝ արծաթե, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի:
Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով ԵՊՀ օլիմպիական թիմի մասնակիցներին և մարզիչներին, նորանոր հաջողություններ մաղթեց, ապա նրանց խրախուսական նվերներ հանձնեց և նշեց, որ օլիմպիադաների մասնակցությունն անչափ կարևոր է, իսկ հաղթանակները՝ պատվաբեր և հաճելի։
ԵՊՀ օլիմպիական թիմի մարզիչ, ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը, շնորհակալություն հայտնելով ուշադրության ու այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար, նշեց, որ օլիմպիադաները յուրօրինակ միջավայր են ստեղծում և նպաստում ուսանողների զարգացմանն ու մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը։
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն էլ նշեց, որ մաթեմատիկական օլիմպիական շարժումը սկիզբ է առել դեռևս 2005 թվականից, և այդ օրվանից ԵՊՀ թիմերը մրցել են մոտ 100 համալսարանների ավելի քան 500 մասնակիցների հետ և պատվով ներկայացրել համալսարանը։
Հաջորդիվ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը խնդրեց պարզաբանել, թե ճի՞շտ են այն լուրերը, ըստ որոնց՝ «Հայագիտության հարցեր» ամսագիրը կա՛մ փակվում է, կա՛մ անվանափոխվում և փոխում բովանդակությունը։ Ըստ նրա՝ լուրերի իսկության դեպքում այդ քայլը ընդդեմ հայագիտության է։
Ի պատասխան՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նորանշանակ տնօրեն Վահրամ Պետրոսյանը նշեց, որ ամսագրում գերակշռում էին բանասիրական նյութերը, իսկ հայագիտականը միայն բանասիրականը չէ։
«Ինստիտուտի զարգացման իմ տեսլականով այդպես չպետք է լինի։ Իմ գործընկերների հետ մենք պատրաստում ենք նոր ռազմավարություն, ըստ որի՝ մեր ամսագրում չպետք է տեղ գտնեն այնպիսի նյութեր, որոնք չկան մեր առաջնահերթություններում»,- ասաց Վ․ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հետազոտությունների շրջանակը պետք է ընդլայնվի, պիտի իրականացվեն վերլուծություններ, որոնք կնպաստեն նաև պետական քաղաքականության առավել արդյունավետ մշակմանը։ Բացի դրանից, Վ․ Պետրոսյանի հավաստմամբ, պետք է աշխատանքներ տարվեն նաև դեսպանատների հետ։
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ համալսարանում այժմ լույս է տեսնում հայագիտական ուղղվածությամբ 3 ամսագիր, որոնք շարունակում են լույս ընծայվել։
««Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն» հանդեսը հոդվածների կարիք ունի։ Չկա մի հեղինակ, որի աշխատանքն անհիմն պատճառներով լույս չի տեսել, իսկ ամսագրերը կարող են փոխել իրենց բովանդակությունը, թեմատիկան և հրապարակումների ընդգրկման քաղաքականությունը։ Դրա մեջ տարօրինակ որևէ բան չկա»,- նշեց հրատարակչության տնօրենը։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը փաստեց, որ ամսագրերի կազմման քաղաքականությունը որոշում է խմբագրական խորհուրդը․ այլ ձևաչափ ու միջամտություն չպետք է լինի։
Նիստի ներկայացված օրակարգին հավանություն տալուց հետո ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, ըստ որի՝ անցկացվելիք նիստերի ընթացքում կքննարկվեն տարբեր հարցեր, ծրագրեր ու առաջարկներ։
Այնուհետև ԵՊՀ գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումներն ու դոցենտի գիտական կոչում շնորհելու հայցերը։ ԵՊՀ մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը նշեց, որ ստացվել է դոցենտի գիտական կոչում շնորհելու երկու հայց, և փաստեց, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին, և հանձնաժողովը դրանք երաշխավորել է:
Ներկայացված հարցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի՝ անվանական կրթաթոշակի հավակնորդների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումները, որոնք հավանության արժանացան։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում թերությունների վերացման վերանայված ծրագիրը։
Հաջորդիվ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ԳԽ-ին զեկուցեց «Պրակտիկում» նոր կրթական մոդուլի ներդրման և փորձարարական հեռուստաընկերություն հիմնելու մասին։ Նրա խոսքով՝ դասընթացի շրջանակում 3-4-րդ կուրսերի ուսանողները շաբաթական մեկ օր պարտադիր պետք է լինեն որևէ լրատվամիջոցի խմբագրությունում։ Ն․ Մարտիրոսյանը ներկայացրեց նաև ստեղծվելիք փորձարարական հեռուստաընկերության նպատակներն ու ակնկալիքները։
Օրակարգային վերջին հարցին անցնելով՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը հանդես եկավ «Բարեփոխումները ռադիոֆիզիկայի ֆակուլտետում» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով ֆակուլտետի հաջողությունները, խնդիրները, լուծման առաջարկներն ու զարգացմանը միտված ծրագրերը։
Այնուհետև ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ԳԽ-ն հաստատել է ներկայացված հարցերը։
Նիստի ավարտին ԵՊՀ գիտքարտուղար Մերի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ներբուհական փուլը, որին մասնակցելու համար ուսանողները, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաև մրցույթին առաջադրման մասին իրենց ֆակուլտետի գիտխորհրդի նիստի արձանագրության քաղվածք։
Մ․ Հովհաննիսյանը նշեց, որ մինչև հոկտեմբերի 15-ն անհրաժեշտ է ֆակուլտետային գիտխորհրդի նիստի օրակարգում ներառել հարցը, իսկ եթե նիստ արդեն տեղի է ունեցել, ապա այն քննարկել հարցման կարգով։