- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆԻ 160-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հոկտեմբեր 29, 2022 | 14:16
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆԻ 160-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացված միջոցառման շրջանակում մշակութային համարների զուգորդմամբ ներկայացվեցին Մովսես Սիլիկյանի սխրագործությունները:
Միջոցառման ընթացքում ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանի հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի ժամանակագրական համապատասխանությանը՝ շեշտելով, որ երկու դեպքում էլ կարևոր է եղել բանիմաց ու արհեստավարժ մարդկանց առաջնորդությունը:
«Միջոցառումը լավագույն հնարավորությունն է վերարժևորելու Մովսես Սիլիկյանի գործը և ճանաչելու նրան՝ որպես նաև ուդի ժողովրդի զավակի»,- ընդգծեց Մ. Հովհաննիսյանը:
«Մշակույթի կենտրոնը կարևորում է այնպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք ընդգծում են մշակույթ-գիտություն առնչակցությունը: Տվյալ դեպքում պատմական գիտությունը կապվում է մշակույթին, և դրանք, ըստ էության, իրարից հեռու լինել չեն կարող»,- փաստեց մշակույթի կենտրոնի տնօրեն Կ. Դավթյանը:
Անդրադառանալով միջոցառումը ԵՊՀ-ում անցկացնելու կարևորությանը՝ «Պատմական Աղվանքի ուդի ժողովրդի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ, բանասեր, դասական ժանրի երգչուհի Սուսաննա Աբրահամյանն ընդգծեց. «Շատ պատվաբեր է այս միջոցառումը Երևանի պետական համալսարանում անցկացնելը, քանի որ համալսարանը հիմնադրվել է հերոսական ժամանակաշրջանում՝ 1919 թ․-ին, և այստեղ են ուսանել հայտնի պատմաբաններ, բանասերներ, փիլիսոփաներ, բանաստեղծներ և այլ նշանավոր մարդիկ, որոնք անջնջելի հետք են թողել հայ և համաշխարհային պատմության ու գիտության էջերում, որտեղ էլ այժմ ժամանակակից երիտասարդները ծանոթանում են նրանց շարունակական փորձին»։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, նշանավոր հյուրեր, պատմաբաններ, ազգագրագետներ և անվանի այլ մարդիկ: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և «Պատմական Աղվանքի ուդի ժողովրդի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։