- Գլխավոր
- Նորություններ
- ՖԻԶԻԿԱՅԻ ԴԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ
Մարտ 30, 2023 | 16:46
Գիտություն
Կրթություն
ՖԻԶԻԿԱՅԻ ԴԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ
Քվանտային տեխնոլոգիաներ, խելացի սարքեր, այլընտրանքային էներգետիկա, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն ու ժամանակակից կյանքի բարելավմանը միտված առանցքային այլ ուղղություններ. այս ամենը մեկտեղված է գիտության գլխավոր և հնագույն ճյուղերից մեկում՝ ֆիզիկայում։
Ֆիզիկան հիմնարար բնական գիտություն է, որի նպատակն է հասկանալ երևույթների ձևավորումը, զարգացումը և դրանց կիրառման հնարավորությունները։ Ֆիզիկան կարևորագույն ոլորտներից մեկն է, որն ստեղծում է բավարար հնարավորություններ և պայմաններ ապագա տեխնոլոգիական առաջընթացի համար։
Գիտության այս ճյուղը մնացյալ բնական գիտությունների, այդ թվում՝ քիմիայի, երկրաբանության, կենսաբանության, աստղագիտության հիմնաքարն է։
Ժամանակակից ֆիզիկայի հիմքում ընկած են քվանտային մեխանիկան և հարաբերականության տեսությունը։ Քվանտային մեխանիկան նկարագրում է միկրոսկոպիկ մարմինների՝ ենթաատոմային մասնիկների, ատոմների և շատ այլ մարմինների վարքագիծը, իսկ հարաբերականության տեսությունը բացատրում է ֆիզիկական գործընթացների համակողմանի տարածաժամանակային հատկությունները։ Ժամանակակից ֆիզիկան ավելի շատ ձգտում է լինել տեխնիկական։ Տեխնիկական ֆիզիկան անմիջականորեն կապված է սարքերի ստեղծման հետ, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքացիական և ռազմական։
Ֆիզիկան՝ որպես մասնագիտություն, չի պատկանում վիրտուալ աշխարհին, այն խիստ նյութական է, իսկ նյութական աշխարհը մշտապես ունի յուրօրինակ պահանջարկ։ Տեղեկատվության արագ մշակման եղանակների ձևավորումը նույնպես ֆիզիկայի ուսումնասիրության շրջանակում է, ինչն ավելի է մեծացնում մասնագիտության կարևորությունն ու ընդգրկունությունը՝ ֆիզիկոսներին առաջարկելով մասնագիտական տարաբնույթ հնարավորություններ՝ աշխատաշուկայում հիմնավոր և կայուն քայլեր կատարելու համար։
Մասնագիտական անհրաժեշտ հմտություններ, մրցունակ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստող բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նաև գիտական հեռանկարային հնարավորություններ է առաջարկում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը։
Ֆիզիկայի ինստիտուտի որդեգրած գաղափարախոսության հիմքում առավել նորարար, ուսանողակենտրոն և գիտակրթական մոտեցումներ են, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը, գիտության զարգացմանն ու արդիական կրթական ծրագրերի մշակմանը։ Ֆիզիկայի ինստիտուտում կրթությունը կազմակերպվում է 4 ուղղություններով՝ ֆիզիկա, նյութերի ֆիզիկա և նանոտեխնոլոգիաներ, հաշվողական ֆիզիկա և արհեստական բանականություն, ինչպես նաև ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ։ Երրորդ կուրսից ուսանողները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու նեղ մասնագիտացումներ, ինչպես՝ աստղաֆիզիկա, ազդանշանների մշակում և հեռահաղորդակցություն, ֆիզիկական գիտափորձի մեքենայացում, մոդելավորում, բժշկական կենսաֆիզիկա, միջուկային բժշկություն, նանոֆիզիկա և լազերների ֆիզիկա։
Ֆիզիկայի ինստիտուտում դասախոսում են ինչպես մեծ փորձառություն ունեցող, այնպես էլ երիտասարդ, հմուտ մասնագետներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքը ներդնում են ինստիտուտում որակյալ կրթություն ապահովելու գործում։ Այդ նպատակով փոխանակման և վերապատրաստման միջազգային ծրագրերի մասնակցում են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները։
Ինստիտուտը համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ, որտեղ ուսանողները ոչ միայն անցնում են մասնագիտական պրակտիկա, այլև կատարում են իրենց ավարտական աշխատանքների և թեզերի համար անհրաժեշտ հետազոտությունները։ ԵՊՀ-ի հետ գործակցող կազմակերպություններն են՝ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերությունը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, Միքայել Տեր-Միքայելյանի անվան ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը և ՏՏ ոլորտի ու բջջային կապն ապահովող մի շարք կազմակերպություններ։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան