- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑԱՇԱՐ
Հոկտեմբեր 17, 2022 | 13:26
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑԱՇԱՐ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարը կզուգորդվի դասընթացներով և փուլային խաղերով։
Ակումբի նպատակն է նպաստել մասնակիցների մտքի ճկունությանը, բանալի բառերի օգնությամբ արագորեն կողմնորոշվելուն, գիտելիքների պաշարը հարստացնելուն և տրամաբանությունը զարգացնելուն:
Առաջին խաղին մասնակցում էր 8 թիմ, որոնցից հաղթեցին «Orden Phoenix» (թիմի անդամները՝ Դիանա Բաղդասարյան, Լիլիթ Թառումյան, Լիդա Արիստակեսյան, Անի Աղասյան, Էդուարդ Ամիրբեկյան, Ավետիք Միդոյան) և «2be1» (թիմի անդամները՝ Արեգա Պռազյան, Հայարփի Մկրտչյան, Անուշ Գևորգյան, Դավիթ Արսենյան, Աննա Ասլանյան, Դինա Պետրոսյան) թիմերը։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ ֆակուլտետի ուսխորհրդի գիտակրթական հանձնաժողովի կազմակերպած ինտելեկտուալ մրցաշարի շրջանակում նախատեսվում է դասընթացների և գործնական խաղերի կազմակերպում:
«Խաղին մասնակցում են 8 թիմեր, որոնց անդամները ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ հանրապետության այլ բուհերի ուսանողներ են։ Ակումբի շրջանակում նախատեսում ենք անցկացնել 12 հադիպում՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ: Հանդիպումների առաջին 30 րոպեների ընթացքում կանցկացվի դասընթաց, որի շնորհիվ մասնակիցները կծանոթանան խաղի կանոններին, ապա կսկսվի խաղը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկը։
Հայկը նաև հավելեց, որ աշնանային մրցափուլից հետո առավելագույն միավորներ հավաքած թիմը կճանաչվի հաղթող և կստանա հատուկ մրցանակ: Մյուս թիմերը կստանան հավաստագրեր առ այն, որ մասնակցել են դասընթացներին:
Մասնակիցները մեզ հետ զրույցում հավաստիացնում են, որ ծանոթանալով խելամիտ ուսանողների հետ, կիսելով միևնույն հետաքրքրությունները՝ նրանք միմյանցից նոր բաներ են սովորում, ձեռք բերում նոր գիտելիքներ: Նրանց խոսքով՝ թիմերը բազմակողմանի զարգացած են, քանի որ դրանց անդամները տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողներ են:
Նշենք, որ ծրագրի վերջում՝ մեծ խաղի ժամանակ, թիմերը կմրցեն միմյանց դեմ: Խաղը կվարի ինտելեկտուալ խաղի հայաստանյան հիմնադիր Կարեն Քոչարյանը՝ հատուկ այդ խաղի համար ստեղծված հարցաշարով: Առաջին տեղն զբաղեցրած թիմը հնարավորություն կունենա մասնակցելու եթերային արտամրցութային խաղին: