- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 18-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 11, 2022 | 14:36
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 18-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ՈՒԳԸ ամենամյա երիտասարդական գիտաժողովի նպատակն էր նպաստել ուսանողների գիտական ակտիվ գործունեությանը և հանրայնացնել երիտասարդ հետազոտողների աշխատանքները:
Գիտաժողովի ժամանակ ֆակուլտետի յոթ ուսանողներ ներկայացրին զեկույցներ, որոնց հիմնական թեմատիկ ուղղություններն էին սոցիոլոգիան, սոցիալական աշխատանքը, կոնֆլիկտաբանությունը, հանրային կապերը և մարդկային ռեսուրսների կառավարումը: Մասնագիտական հանձնաժողովի ընտրությամբ՝ լավագույն աշխատանքի հեղինակն ստանալու է դրամական պարգև, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ խրախուսական մրցանակներ: Լավագույն աշխատանքներն ընտրվելու են՝ հաշվի առնելով թեմայի արդիականությունը, զեկույցը ներկայացնելու հմտությունները, ժամանակի կառավարման կարողությունը, հետազոտական մեթոդների ու խնդիրների համապատասխանությունը և այլ սկզբունքներ:
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը մինչ գիտաժողովի մեկնարկը հանդես եկավ ողջույնի խոսքով, հակիրճ ներկայացրեց ֆակուլտետի 18-ամյա պատմությունը և ուսանողների գիտական գործունեությունը։
Երիտասարդական գիտաժողովի կազմակերպիչների խոսքով՝ այս կոնֆերանսը խորհրդանշական է, քանի որ համավարակի պատճառով այն չի կայացել 2020 թվականին, իսկ նախորդ տարի կազմակերպվել է առցանց եղանակով:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արմինե Ղալամդարյանը մեզ հետ զրույցում մատնանշեց ֆակուլտետի պարբերական զարգացումները, ապա հավելեց, որ ֆակուլտետի համար կարևոր է գիտական գործունեություն ծավալող ուսանողներին ամեն կերպ օգնելը, որպեսզի նրանք կարողանան պատշաճ ներկայանալ ու ներկայացնել իրենց հետազոտություններն ու վերլուծությունները:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Գայանե Դավթյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների վստահության մակարդակը պետական ինստիտուտների նկատմամբ» թեմայով զեկույց: Գայանեի խոսքով՝ ինքն առաջին անգամ է մասնակցում գիտաժողովի, և սա փորձ է հասկանալու, թե ինչպես պետք է ներկայանալ գիտաժողովներին։
«Մեր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը մշտապես կապ է պահում ուսանողների հետ՝ գիտական աշխատանքներ գրելու, հոդվածներ տպագրելու, հետազոտական էթիկայի պահպանման և այլ հարցերում օգնելու համար:
Անչափ կարևորում եմ այն, որ ուսանող-դասախոս ամուր կապի շնորհիվ մենք կարողանում ենք գիտական հաջող արդյունքներ գրանցել»,- ասաց Գայանեն:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրված այլ անձինք։