- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ «THERMUS SCOTODUCTUS K1» ՇՏԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոկտեմբեր 25, 2022 | 15:38
Կրթություն
Գիտություն
ՆՈՐ «THERMUS SCOTODUCTUS K1» ՇՏԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել «Անթթվածին և թթվածնային պայմաններում Thermus scotoductus K1-ի ֆիզիոլոգիական և կենսաէներգետիկական ցուցանիշների բնութագրումը» գիտական թեման, որի հեղինակը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հռիփսիմե Պետրոսյանն է։
Մեզ հետ զրույցում նա պատմել է գիտական թեմայի կարևորության, դրա շրջանակում կատարվող հետազոտությունների ու ակնկալվող արդյուքների մասին:
–Հռիփսիմե՛, ի՞նչ առանձնահատկություններ և կիրառություն ունեն թերմոֆիլ բակտերիաները:
– Վերջին տասնամյակներում Thermus ցեղին պատկանող թերմոֆիլ բակտերիաները կենսատեխնոլոգիական հետաքրքրություն ունեն։ Բարձր ջերմաստիճանում աճի և յուրահատուկ մակրոմոլեկուլային հատկությունների շնորհիվ թերմոֆիլ բակտերիաները կարող են ունենալ բարձր նյութափոխանակային արագություն, ֆիզիկապես և քիմիապես կայուն ֆերմենտներ և վերջնական արտադրանքի բարձր արդյունք: Թերմոֆիլ գործընթացներն ավելի կայուն են, արագ և քիչ ծախսատար: Այս բակտերիաները կիրառական են քիմիական հումքի, վառելիքի արտադրության, ֆերմենտային տեխնոլոգիայի, միաբջիջ սպիտակուցի արտադրության մեջ: Նրանք ունեն սննդառության հիմնական տիպերը և յուրացնում են նույն սուբստրատները, ինչ մեզոֆիլները:
– Ինչո՞ւ եք ուսումնասիրության առարկա դարձրել հատկապես այդ շտամը, ո՞րն է դրա առանձնահատկությունը:
– Thermus scotoductus K1-ը նոր շտամ է` մեկուսացված երկրաջերմային աղբյուրներից (Քարվաճառ, Լեռնային Ղարաբաղ): Սակայն ցեղին բնորոշ ֆիզիոլոգիայի, նյութափոխանակային ուղիների և կենսաքիմիական ու կենսաէներգետիկական բնութագրիչների մասին տվյալները սակավ են, հետևաբար անհրաժեշտ է հետազոտել K1 շտամը:
Նախատեսվում է ուսումնասիրել K1 շտամի կենսաբանական մի քանի բնութագրերը, ուսումնասիրել հիմնարար կենսաքիմիական և կենսաէներգետիկական ցուցանիշները։ Այս հետազոտությունը հնարավորություն կտա պատկերացում կազմելու T. scotoductus K1-ի ֆիզիոլոգիայի մասին, որը կօգտագործվի նրա՝ ժամանակակից տեխնոլոգիաներում կենսատեխնոլոգիական կիրառման ներուժը ընդլայնելու համար՝ համաձայն մարդկային կարիքներին և պահանջներին: Եթե ունենանք տվյալներ T. scotoductus K1 շտամի աճի ցուցանիշների վերաբերյալ և տանք նյութափոխանակային որոշ ուղիների բացատրություն՝ կկարողանանք գնահատել դրանց ներուժը տվյալ միջավայրում, ինչպես նաև նպատակային վերջանյութերի արտադրության առավելությունները:
- Գործնականում ի՞նչ եղանակների կիրառմամբ եք կատարելու հետազոտությունները։
– Հետազոտություններ կատարելիս օգտագործվելու է Thermus scotoductus K1 շտամը (տրամադրել է կ․գ․թ., դոցենտ Հովիկ Փանոսյանը), և չափվելու են տարբեր ցուցանիշներ, մասնավորապես՝ աճման տեսակարար արագության և կրկնապատկման ժամանակի որոշումը ածխածնի տարբեր աղբյուրների առկայության, pH-ի, ջերմաստիճանի արժեքների, էլեկտրոնի արտաքին ակցեպտորի առկայության պայմաններում սպեկտրալուսաչափի կիրառմամբ, թաղանթային պոտենցիալի (ΔΨ) չափումներ ՏՖՖ+ ընտրողական էլեկտրոդի օգտագործմամբ՝ որոշելով տետրաֆենիլֆոսֆոնիում կատիոնի (ՏՖՖ+) բակտերիաների ցիտոպլազմայի և արտաքին միջավայրի միջև կայուն վիճակի բաշխումը, արտաքին միջավայրի pH-ի և ՕՎՊ-ի արժեքների որոշում pH-զգայուն և պլատինե էլեկտրոդներով, թաղանթով պրոտոնների հոսքերի ուսումնասիրություն արտաքին միջավայրում իոնների ակտիվության (ΔaH+) որոշմամբ, կիրառելով իոն ընտրողական pH էլեկտրոդ (Hanna Instruments, Պորտուգալիա) և այլն:
-Հետազոտություններից ստացված արդյունքները որքանո՞վ կնպասեն ոլորտի զարգացմանը:
-Ստացված արդյունքները կլրացնեն և կամբողջացնեն էքստրեմոֆիլների (թերմոֆիլների) նյութափոխանակության մասին կենսաքիմիական և կենսաէներգետիկական բացակայող ցուցանիշների բնութագրման մասին տեղեկությունները՝ նոր՝ մեկուսացված Thermus scotoductus K1 շտամի մոդելով: Սրանք կլինեն ընդհանուր տվյալներ շտամների բնութագրերի մասին, որոնք կբացեն հետազոտական ուղղությունների լայն շրջանակ և կներառեն այլ էքստրեմոֆիլներ ևս, որոնք դեռևս ուսումնասիրության կարիք ունեն:
– Որքանո՞վ կիրառական կլինեն ստացված արդյունքները:
– Ստացված տվյալները կենթարկվեն վերլուծության, հետազոտությունները կներկայացվեն միջազգային գիտաժողովներում՝ որպես թեզիսներ և/կամ զեկուցումներ, հոդվածների տեսքով կտպագրվեն բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական պարբերականներում:
Հետազոտության ընթացքում նախատեսվում է գործակցել ծրագրի թեմայի հետ կապված միջազգային հետազոտական խմբ(եր)ի հետ և ընդլայնել հետազոտական հնարավորությունները:
Մարինե Մկրտչյան