- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Կոնֆլիկտների վերլուծության կենտրոն
Կոնֆլիկտների վերլուծության կենտրոն
1996 թ. ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի և ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի (UConn - School of Social Work) դոկտոր Նենսի Համփֆրեյսի համատեղ ջանքերով ԵՊՀ-ում հիմնադրվել է տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնը՝ որպես ռեսուրս կենտրոն։ Կենտրոնի հիմնադրման գործում մեծ ավանդ է ունեցել նաև ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանի կոնֆլիկտի վերլուծության և լուծման ինստիտուտի (ICAR) դոկտոր Մուրադ Մուրադյանը:
Կենտրոնն աջակցում է տարածաշրջանային ուսումնասիրությունների խնդիրներին ուղղված գիտական գործունեությանը, մասնավորապես Հարավային Կովկասի ինտեգրացիոն գործընթացներին, տարածաշրջանում կոնֆլիկտների կանխարգելմանն ու դեէսկալացիային, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն հասարակության» հիմնահարցերին և ժողովրդավարական փոխակերպումների հնարավորություններին: Կենտրոնի հիմնական նպատակներից է կոնֆլիկտի և խաղաղության հետազոտման մասնագիտական կարողությունների զարգացումը Հայաստանում: Կենտրոնում տարվում են դասավանդումը բարելավելու աշխատաքներ, կազմակերպվում գիտաժողովներ, ամառային դպրոցներ, ստեղծվում դասագրքեր և ուսուցողական նյութեր: Այս ամենի իրականացումը հնարավորություն է ստեղծել մշակելու և առաջարկելու կոնֆլիկտի և խաղաղության հետազոտությունների մագիսրոսական նոր ծրագիր, որը հաջողությամբ ներդրվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնը՝ որպես ռեսուրս կենտրոն, ունի կոնֆլիկտաբանական, սոցիոլոգիական և սոցիալական աշխատանքի վերաբերյալ հայալեզու և օտարալեզու գրականությամբ հարուստ գրադարան, որը պարբերաբար համալրվում է: