- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն
Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն
Կենտրոնում ստեղծվում և հետազոտվում են կիսահաղորդչային մետաղօքսիդների և նանոկոմպոզիտային նյութերի հաստ և բարակ թաղանթների հիման վրա լավարկված պարամետրերով, ճկուն և կարծր տակդիրներով սենսորներ, որոնք հիմք են դառնում օդի որակը վերահսկող համակարգերի նախագծման և պատրաստման, ինչպես նաև տարբեր հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշման նոր տիպի սարքավորումների մշակման համար: Բացի դրանից՝ քվանտային կետերի հիման վրա ստեղծվում և հետազոտվում են միջին ենթակարմիր տիրույթում աշխատող Շոտկի դիոդներ և մշակվում է գրաֆեն-հեղուկ բյուրեղ կառուցվածքի հիման վրա տերահերցային ֆոտոնիկայի կառավարվող տարրերի պատրաստման տեխնոլոգիա: Տեսականորեն հետազոտվում և առաջարկվում են վիրուսների հայտնաբերման նանոչափային կենսաբանական սենսորների աշխատանքի նոր մեթոդներ, ուսումնասիրվում են երկշերտ գրաֆենի գոտիկան կառուցվածքը, ինչպես նաև կանխագուշակվում են լավարկված պարամետրերով նոր պինդ մարմնային էլեկտրոլիտներ:
Կենտրոնում գործում են առանձին երկու լաբորատորիաներ՝ Հաշվարկային նյութագիտության և Առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի:
Այսպիսով` կենտրոնի հիմնական գիտական ուղղություններն են.
Կիսահաղորդչային նանոկառուցվածքային սենսորներ:
A3B5 տիպի նանոկառուցվածքային նյութերի աճեցում և հետազոտում:
Նոր սերնդի օպտիկական տարրեր և բարակ թաղանթների տեխնոլոգիաներ:
Գրաֆենում ցածրհաճախային աղմուկների և էլեկտրոնների տեղափոխման պրոցեսների տեսական հետազոտում:
ԴՆԹ-մոլեկուլների հետազոտում (բիոսենսորների պատրաստում):
Նոր տեսակի նյութերի կանխագուշակում:
2D և Վան-դեր-Վալսյան նյութերի ստացում և հետազոտում:
Կենտրոնում առկա են տարբեր եղանակներով կիսահաղորդչային բարակ թաղանթներ ստանալու կայանքներ, կիսահաղորդչային սարքերի և կառուցվածքների էլեկտրաֆիզիկական, ֆոտոկատալիտիկ, օպտիկական պարամետրերի չափման ավտոմատացված, համակարգիչներով ղեկավարվող համակարգեր: