- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոն
Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոն
Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը հիմնադրվել է 2016 թ․։ Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է սահմանադրականության մշտադիտարկման ու կառավարման, տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների կատարմանը, գիտագործնական լուծումների առաջադրմանը:
Կենտրոնի հիմնական խնդիրներից են երկրների սահմանադրական ախտորոշման, մշտադիտարկման և կառավարման մեթոդաբանական մոտեցումների մշակումը, սահմանադրականության մակարդակի գնահատման ինդիկատորների համակարգի, հարցումների անցկացման միասնական մեթոդաբանության և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ միասնական տվյալների բազաների ստեղծումը, ինչպես նաև կրթական ծառայությունների մատուցումը սահմանադրական տնտեսագիտությանն առնչվող առանձին դասընթացների մշակման ու վերապատրաստման ծրագրերի միջոցով:
Վերջին տարիներին կենտրոնը նախաձեռնել է ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրներին նվիրված գիտական հետազոտություններ և մշակել հայեցակարգային փաստաթղթեր: Այդ նպատակով գործարկվել է գիտական սեմինարների շարք:
Կենտրոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ սահմանադրականության ախտորոշում և մշտադիտարկում, սահմանադրականության գնահատման տվյալների բազաների հավաքագրման մեթոդների մշակում և հավաքագրում, կատարված հետազոտությունների և ստեղծված տվյալների բազաների առևտրայնացման ուղիների մշակում, ինչպես նաև «Big Data» և «Data Science» մոտեցումները և դրանց կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը սահմանադրական տնտեսագիտության ոլորտում։
Կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքներն ամփոփված են տարբեր մենագրություններում և հոդվածներում, զեկուցվել են միջազգային գիտաժողովներում և հրապարակվել են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում:
Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների և այլ բուհերի հետազոտողներ և գիտական համայնքի այլ ներկայացուցիչներ։
Ներկայում կենտրոնի գործունեության շրջանակում հետազոտություններ են կատարվում կայուն զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ կայուն զարգացման նպատակներում սահմանադրականության և ազգային անվտանգության բաղադրիչների ներառմամբ տրանսֆորմացիայի խնդիրներով:
Կենտրոնի գործունեության արդյունքները ներկայացվել են գիտագործնական խորհրդաժողովներում, ինչպես մաև շահառու տարբեր մարմիններին:
Կոնտակտներ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 (3-րդ հարկ, 307 սենյակ)
Հեռ․՝ (+374 60) 710 680
Էլհասցե՝ consteconom@ysu.am