ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետները Հնդկաստանում փետրվարի 24-ից մարտի 7-ը մասնակցել են վերապատրաստման ծրագրի, որն ուղղված էր քիմիկոսների անալիտիկ հմտությունների և գիտելիքների բարելավմանը ապօրինի թմրամիջոցների, ինչպես նաև ներդաշնակեցված համակարգի (ՆՀ) դասակարգված ապրանքների վերլուծության ոլորտում։
«Ապօրինի թմրամիջոցների և այլ ապրանքների համար ժամանակակից վերլուծական գործիքների մասնագիտական ծրագիր» խորագրով վերապատրաստմանը մասնակցելը մրցութային կարգով էր։ Այն հաջողությամբ հաղթահարել և ծրագրին մասնակցել են կենտրոնի փորձագետներ Էլա Մինասյանը և Լուսինե Հայրապետյանը։
Ծրագիրը կազմակերպել է Հնդկաստանի կենտրոնական եկամուտների վերահսկման լաբորատորիան՝ նպատակ ունենալով զարգացնելու հոգեմետ նյութերի և թմրամիջոցների նմուշների քիմիական վերլուծության հմտությունները, ժամանակակից սարքավորումներ կիրառելով՝ կատարելու ներդաշնակեցված համակարգի դասակարգման վերլուծություն, ինչպես նաև արդիականացնելու մասնակիցների գիտելիքները ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների վերաբերյալ։
Ծրագիրը համատեղել է տեսական և գործնական պարապմունքները՝ օգտագործելով ժամանակակից գործիքային սարքավորումներ: Մասնակիցներին հնարավորություն է տրվել վերլուծելու իրական նմուշներ և մեկնաբանելու ստացված տվյալները:
Ծրագիրը եզրափակվել է համատեղ քննարկմամբ և հավաստագրերի հանձնմամբ։ Կենտրոնի փորձագետների մասնագիտական հաջող վերապատրաստումը կնպաստի կառույցի հետագա աշխատանքների արդյունավետությանը։