ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ս.թ. փետրվարի 19-ին տեղի ունեցավ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ընդլայնված նիստը, որին մասնակցեցին ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը, գիտական լաբորատորիաների և խմբերի ղեկավարները, գիտական կազմը:

Կ. Թռչունյանը ներկայացրեց Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում իրականացվող գիտական լայնածավալ աշխատանքները, միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում հրապարակումները: Միայն 2024 թվականին միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրվել է 111 աշխատանք։
Զեկուցողը խոսեց նաև ձեռք բերված նորագույն սարքավորումների, ինչպես նաև առաջիկայում ձեռք բերվելիք սարքավորումների (շուրջ 1 միլիարդ 100 միլիոն ՀՀ դրամի չափով), ապագայում սպասվող բարեփոխումների ու նորանոր ձեռքբերումների ակնկալիքների մասին:
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները ներգրավված են հայկական և միջազգային դրամաշնորհային մի շարք ծրագրերում. սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտանականներից 11-ը Կենսաբանության ԳՀԻ աշխատակիցներ են: Նմանօրինակ ծրագրերի ֆինանսական աջակցությունն օգնում է նորագույն սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով վերազինելու լաբորատորիաները և արդյունավետ կատարելու իրենց առջև դրված գիտական խնդիրները: Ընդհանուր առմամբ ինստիտուտում իրականացվում են 70-ից ավելի գիտահետազոտական դրամաշնորհներ։
Կարեն Թռչունյանը խոսեց Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ամենամյա գիտաժողովի մասի, որին կներկայացվեն տարբեր լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական աշխատանքները: Գիտաժողովը կկազմակերպվի մարտի 27-28-ը:
Հանդիպման ժամանակ դեկան Կ. Ղազարյանն անդրադարձավ նաև «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովի կազմակերպական հարցերին, որը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 24-26–ը: Այն նվիրված է Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին, ինչպես նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին: Գիտաժողովը նոր գործընկերներ ձեռք բերելու, մասնագիտական կապերն ընդլայնելու, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելու մեծ հնարավորություն է: