ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների համար «Դեհիդրոպեպտիդները և դրանց ածանցյալները. սինթեզ, կենսաբանական ակտիվություն և պոտենցիալ կիրառություն» («Dehydropeptides and their derivatives – synthesis, biological activity and potential use»») թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Օպոլեի համալսարանի քիմիայի և ֆարմացիայի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Պավել Լենարտովիչը (Paweł Lenartowicz)։

Դոկտոր Լենարտովիչը իր զեկուցման շրջանակում անդրադարձավ չհագեցած ամինաթթուների և պեպտիդների օրգանական սինթեզի մեթոդներին և դրանց կենսաբանական հատկությունների բացահայտմանը՝ ուղղված իր կատարած հետազոտություններին: Նա նաև ներկայացրեց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում գործուղման ընթացքում կատարած հետազոտական աշխատանքները՝ ուղղված դեհիդրոամինաթթուների և թիրախային պեպտիդների համակցման ամենաարդյունավետ մեթոդների բացահայտմանը և քաղցկեղի առաջացման փուլերից մեկում առանցքային դեր ունեցող ATIC ֆերմենտի պոտենցիալ արգելակիչների սինթեզին:
Զեկուցմանը հաջորդած քննարկման ընթացքում ներկաներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ բանախոսին ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը։

Դոկտոր Պավել Լենարտովիչի հետազոտական աշխատանքները ([H1] (H-index: 6, Scopus)) ուղղված են դեղագործության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող մոլեկուլների սինթեզին և կենսաբանական պոտենցիալի բացահայտմանը։
Հիշեցնենք, որ դոկտոր Պավել Լենարտովիչը ս.թ. մարտի 4-ից ապրիլի 2-ը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում կատարում է հետազոտություններ թերապևտիկ պոտենցիալով նոր պեպտիդոմիմետիկ միացությունների սինթեզի ոլորտում, Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորված «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի անձնակազմի փոխանակումներ (MSCA Staff Exchanges) ծրագրի «Պուրինի de novo բիոսինթեզի խախտում քաղցկեղի դեմ պայքարելու համար՝ մոլեկուլներից դեպի բջիջներ և in vivo ուսումնասիրություններ (PurHumanDrome)» («Disrupting purine de novo biosynthesis to fight cancer - from molecules to cells to in vivo studies») թեմայով դրամաշնորհի շրջանակում։