ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում միջազգային 8-րդ գիտաժողովի մասնակիցները և ՈՒԳԸ անդամներն այցելել են Երևանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև շրջայց կատարել Ս. Փարաջանովի թանգարանում:
Ս․ Փարաջանովի տուն-թանգարանում գիտաժողովի մասնակիցները ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքին, գործունեությանը, ինչպես նաև հայկական արվեստի զարգացման գործում վերջինիս ունեցած դերին:
Բացի վերոնշյալից՝ այցելուներին ցուցադրվել է թանգարանի՝ 1637 ցուցանմուշից բաղկացած հիմնական հավաքածուն՝ կազմված հարթ և տարածական կոլաժներից, ասամբլյաժներից, ֆիլմերի համար արված էսքիզներից, գծանկարներից, գլխարկներից, տիկնիկներից և անձնական իրերից:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, ՈՒԳԸ անդամ Թամարա Կալունցն անդրադարձավ այցից ստացած տպավորություններին՝ նշելով, որ դրանք աննկարագրելի են: Նա կարևորեց ՈՒԳԸ նախաձեռնած այսօրինակ այցերը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս օտարերկրյա մասնակիցներին ներկայացնելու հայկական մշակույթն ու նպաստում այն առավել ճանաչելի դառնալուն:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակում ԵՊՀ ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև մշակութային երեկոներ, սեմինարներ, պանելային քննարկումներ, այցեր ՀՀ պատմամշակութային վայրեր և այլ միջոցառումներ: