ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Այս տարի այն նվիրված էր ՈՒԳԸ 75-ամյակին:
Հոկտեմբերի 3-ից 7-ն անցկացվող գիտաժողովը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների միջև: Հատկանշական է, որ գիտաժողովին մասնակցելու դիմում-հայտերի քանակը հասել է շուրջ 296-ի, որոնցից մասնագիտական գրախոսության փուլը հաղթահարել են միայն 156-ը (22-ը 8 երկրների արտասահմանյան բուհերի երիտասարդ գիտնականներ են):
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը:
Շնորհավորելով ներկաներին ՈՒԳԸ 8-րդ միջազգային գիտաժողովի բացման կապակցությամբ՝ ԵՊՀ ռեկտորը կարևորեց կառույցի դերն ու նշանակությունը: Հ. Հովհաննիսյանը մատնանշեց՝ ուսանողական այս կառույցն է, որն ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար ուղի է հարթում դեպի գիտության ոլորտ:
«Ողջունելի է այն փաստը, որ գիտաժողովի մասնակցության մեծաքանակ հայտերից ընտրվել են զգալի թվով մասնակիցների հոդվածներ: Սա ցուցիչն է այն բանի, որ ՈՒԳԸ կազմակերպած գիտաժողովի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: Վստահաբար կարող եմ ասել, որ այն մասնակիցներին տարբեր տեսանկյուններից լայն հնարավորություններ է ընձեռում»,- ընդգծեց ռեկտորը:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր խոսքում կարևորեց ՈՒԳԸ զարգացման գործում մեծ ավանդ ունեցած ՈՒԳԸ-ականների դերն ու ակտիվությունը։ Իր ելույթում նա հույս հայտնեց, որ վերջիններս նույն եռանդով կշարունակեն գործունեություն ծավալել։
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը նշեց, որ կառույցի կազմակերպած խոշորամասշտաբ միջոցառումը ամենամյա գիտական նստաշրջանն է, որի «արդյունք-հետևանքը» «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականն է: Ըստ նրա՝ ժողովածուն ՈՒԳԸ-ի ոչ միայն բովանդակային հիմքն է, այլև ուսանողական կառույցի աշխատանքի գլխավոր ցուցիչը։
Իր խոսքում Մ․ Փանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ՈՒԳԸ-ականներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են կառույցի կայացմանն ու բարձր պահել վերջինիս անունը:
«ՈՒԳԸ-ն այն կառույցն է, որը հնարավորություն է ընձեռում ինքնակրթվելու, կրթական կարծրատիպերի սահմանափակումներից դուրս գալու, և ի վերջո որակյալ մասնագետներ դառնալու։ Դա է փաստում այն, որ մեր կողքին կարող ենք տեսնել տարբեր մտավորականների, ակադեմիկոսների, գիտնականների՝ ի դեմս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի»,- ամփոփելով խոսքը՝ նշեց ՈՒԳԸ նախագահը։
Գիտաժողովի բացման արարողության ավարտին ԵՊՀ նախասրահում Քիմիայի և Ֆիզիկայի ֆակուլտետների ՈՒԳԸ-ականները կատարեցին փորձերի ցուցադրություն:
Հատկանշական է, որ գիտաժողովի շրջանակում ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում մինչև հոկտեմբերի 7-ը պարբերաբար կազմակերպվելու են պանելային քննարկումներ, սեմինարներ, մշակութային երեկոներ և այլ միջոցառումներ՝ նվիրված կառույցի 75-ամյակին: