Մայիսի 7-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որի համակազմակերպիչներից էր նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը:
Աշխատաժողովի նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։ Աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների ավելի քան 200 աշակերտ:
Աշխատաժողովին բացման խոսքերով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանն ու դպրոցների տնօրեններ:
Աշխատաժողովի համակազմակերպիչ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը, անդրադառնալով աշխատաժողովին կառույցի ունեցած դերին, ընդգծեց. «Աշխատաժողովի նպատակներից է աշակերտներին ընձեռել հարթակ, որտեղ նրանք կկարողանան կիսվել իրենց հետազոտական աշխատանքների արդյունքներով: ԵՊՀ-ում ուսանողներին այդպիսի հնարավորություն ընձեռող հարթակներից է ՈՒԳԸ-ն: Այսօր ՈՒԳԸ-ականները, փոխանակելով իրենց՝ որպես երիտասարդ հետազոտողների փորձը, օրինակ են ծառայում աշակերտներին: Կարելի է ասել, սա նրանց համար սովորելու և առաջընթաց գրանցելու հավելյալ մոտիվացիա է»:
Աշխատաժողովի լիագումար նիստի ավարտից հետո ԵՊՀ ֆակուլտետների ՈՒԳԸ նախագահներն ու անդամներն աշակերտներին ուղեկցեցին համապատասխան լսարաններ:
Աշակերտներն իրենց հետազոտական աշխատանքները ներկայացրին 6 բաժանմունքներում (Հայոց լեզու և գրականություն, Հայրենագիտություն, Օտար լեզուներ, ԲՏՃՄ, Արվեստ և արհեստ, Հասարակություն, հասարակական գիտություններ):
Երևանի «Ուսում» դպրոցի ուսուցիչ Արգամ Համբարձումյանը, անդրադառնալով աշակերտների՝ աշխատաժողովին մասնակցելու կարևորությանը, ինչպես նաև աշխատաժողովում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության ներգրավվածության կարևորությանը, նշեց. «Մասնակիցների մեծամասնությունը ավագ դպրոցի աշակերտներից է: Ընտրելով հետազոտության թեմա՝ նրանք արդեն իսկ նախագծում են իրենց ապագա ուղին: Դեռ տարիներ առաջ, երբ ԵՊՀ-ում էի սովորում, Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ էի: Հիմա շատ հստակ պատկերացնում եմ՝ ինչպիսի գիտական մթնոլորտ է այնտեղ տիրում: Աշակերտների համար սա մեծ հնարավություն է դեռ դպրոցական տարիքից իմանալու ՈՒԳԸ-ի մասին ու համալսարան ընդունվելուց հետո ձգտելու դառնալ կառույցի ակտիվ անդամ»:
ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ռ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Հասմիկ Խաչատրյանի և Վահե Գրիգորյանի խոսքով՝ աշխատաժողովին մասնակցելու նպատակով ԵՊՀ այցելելը չափազանց ոգևորիչ է: Վ. Գրիգորյանն ասաց. «Սա մեզ համար բացահայտում էր: Եթե կարողանանք լավագույնս ներկայանալ, մեզ համար նոր բարձունք կլինի»:
Խոսելով դպրոցականների՝ աշխատաժողովին մասնակցելու կարևորությունից և վերջիններիս ոգևորությունից՝ Հասմիկ Խաչատրյանի մայրն ընդգծեց. «Շատ կարևոր է ունենալ այնպիսի ուսուցիչ, որն աշակերտների զարգացմանն ու հաջողություններ գրանցելուն ուղղված քայլեր է անում: Այսպիսի աշխատաժողովը նրանց համար ևս մեկ հնարավորություն է, որ դրսևորեն իրենց ազատ խոսքն ու միտքը: Նրանք ինքնակամ, բայց մեծ պատասխանատվությամբ են մոտեցել իրենց հետազոտական աշխատանքներին»:
Հատկանշական է, որ հետազոտական աշխատանքները ներկայացնելուց հետո աշակերտներին հանձնվել են վկայականներ:
Նշենք նաև, որ աշխատաժողովի ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես են եկել պարային ու երաժշտական համարներով: