ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 105-ամյակին:
Նոյեմբերի 6-10 անցկացվող գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
Գիտաժողովին մասնակցության համար ներկայացվել է մոտ 200 հայտադիմում։ Մասնագիտական գրախոսության փուլը հաղթահարել է 120 մասնակից ինչպես տեղական (ՀՀ ԳԱԱ, ՀՊՏՀ, Հայ-ռուսական համալսարան, ԳՊՀ, ԵԹԿՊԻ, ԱրՊՀ և այլն), այնպես էլ միջազգային 6 բուհերից, որոնք էլ առաջիկա 5 օրերի ընթացքում կներկայացնեն իրենց զեկուցումները 12 բաժանմունքներում։
Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն նաև «ՀՀ սոցիալ-տնտեսական գործընթացների տարածաժամանակային հարաբերությունները» և «Հայաստանի առաջին հանրապետության պատմական փորձի արդիականությունը» թեմաներով պանելային քննարկումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր և մշակութային երեկոներ։ Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց ամբողջական հոդվածները, որոնք կտպվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Ուսանողական գիտական ընկերության գործունեությունը, շեշտեց․ «ԵՊՀ ՈՒԳԸ-ն սկսել է գործել համալսարանի ստեղծման առաջին օրերից՝ իր ակտիվ ներգրավվածությունն ու ներդրումն ունենալով Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի գիտական-ուսումնական գործընթացներում։ Այսօր մեզ համար շատ կարևոր է տեսնել, որ ՈՒԳԸ գործունեությունը դուրս է եկել ՀՀ սահմաններից՝ ընդգրկելով արտասահմանյան երկրների բուհեր, ինչը նպաստում է օտարերկրացի ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ գիտական երկխոսությանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգայնացման և ճանաչելիության բարձրացմանը»։
ԵՊՀ ռեկտորը գիտաժողովի մասնակիցներին խորհուրդ տվեց ունենալ քննական վերաբերմունք, չխուսափել հարցեր տալուց և կատարել սեփական վերլուծությունները, ինչը նպաստելու է ինքնակատարելագործմանը և գիտության զարգացմանը։
Ընդգծելով ԵՊՀ ՈՒԳԸ մեծ ներդրումը Հայաստանի Հանրապետության գիտական մտքի զարգացման գործում՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը նշեց․ «Ուսանողական գիտական ընկերությունը շարունակում է պահպանել տարիների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները և փոխանցել սերնդեսերունդ՝ շարունակաբար բարելավելով իր գործունեության ուղղություններն ու բնույթը։ Դա անընդհատ և նվիրված աշխատանքի արդյունք է, ինչի համար շնորհակալ ենք ՈՒԳԸ նախկին և ներկա նախագահներին ու անդամներին»։
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Բաղումյանը, անդրադառնալով ավանդույթ դարձած գիտաժողովի անցկացմանը, ասաց․ «1918 թ. պետականության վերականգնմամբ սկիզբ դրվեց նաև գիտական վերածննդին: Հայաստանի առաջին հանրապետության գոյության երկրորդ տարում ստեղծվեց Երևանի պետական համալսարանը, որի կազմում սկսեց գործել ՀՀ առաջին ուսանողական կառույցը։ Մեզ համար մեծ պատիվ է շարունակել ՈՒԳԸ գործունեությունը և մեր ներդրումն ունենալ՝ տպագրելով «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականը»։
ՈՒԳԸ նախագահը շեշտեց, որ գիտաժողովի ավարտից հետո ծրագրում են քայլեր կատարել՝ պարբերականը ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկելու, ինչպես նաև միջազգային ճանաչում և աստիճան տալու ուղղությամբ։
Նշենք, որ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության մշակութային հատվածը կազմակերպել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը՝ հանդես գալով երաժշտական և պարային կատարումներով: