ԵՊՀ տեղեկատվական համակարգերի կրթական և հետազոտական կենտրոնում Հայաստանի բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ անցկացվեց «Կին ձեռներեցներ» ծրագրի 100 շահառուների ավարտական թեստավորման գործընթացը:
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ներգրավվեցին դրամաշնորհային խմբում և հնարավորություն ստացան կյանքի կոչելու իրենց բիզնես մտահղացումները։ Թեստավորումն անցկացվեց Հայկական վիրտուալ համալսարանի կրթական հարթակի միջոցով։ Մասնակիցները երկու ժամվա ընթացքում պատասխանելով 50 տեսական հարցերի և լուծելով 12 խնդիրներ՝ հնարավորություն ունեին կուտակելու առավելագույնը հարյուր միավոր։
ՀԲԸՄ կանանց հզորացման նախաձեռնության «Կին ձեռներեցներ» ծրագիրն օգնում է ձեռներեց կանանց բացահայտելու իրենց իրական ներուժն ու բարելավելու ձեռնարկատիրական գործունեությունը բիզնես դասընթացների, մենթորության ու խորհրդատվության միջոցով։ Գործարարությանն առնչվող տեսական քննարկումներից և գործնական աշխատանքներից բաղկացած դասընթացների շրջանակում մասնակիցները ստանում են այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ և արդյունավետ վարելու համար։
Դրամաշնորհային ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում օգտվելու մենթորների խորհրդատվությունից, ծանոթանալու ձեռնարկատիրության, ֆինանսների կառավարման, մարքեթինգի և տեղական հարկային օրենսդրության հիմունքներին, որը հնարավորություն է ընձեռում մշակելու ճկուն և գրագետ բիզնես պլան, ապրանքը շուկայում ճիշտ ներկայացնելու ռազմավարություն։