ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մասնագիտության շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Յուրաքանչյուր տարի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի բազմաթիվ շրջանավարտներ համալրում են ՏՏ ոլորտի հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների լավագույն մասնագետների շարքերը:
Արարողությանը ներկա էին ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ՏՏԿՀ գիտական ղեկավար, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր-էմերիտուս Սամվել Շուքուրյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:
Է. Ասրիյանը, շնորհավորելով շրջանավարտներին մագիստրոսի կոչում ստանալու կապակցությամբ, նշեց. «Դուք 105-րդ սերունդն եք, որ ԵՊՀ-ն ճանապարհում է: Ես հույս ունեմ, որ ձեզանից որոշները կմնան ԵՊՀ-ում՝ ջանք ու եռանդ ներդնելով նաև հաջորդ սերունդներին որպես լավագույն մասնագետ պատրաստելու գործում:
Որտեղ էլ լինեք, ուզում եմ հավատալ, որ կշարունակեք համագործակցել ԵՊՀ-ի հետ, և ԵՊՀ-ն՝ որպես արժեք, միշտ հպարտության զգացում է առաջացնելու ձեզ մոտ։ Վստահ եմ, որ այն ամենը, ինչ դուք կտանեք ձեզ հետ բուհից, հօգուտ ձեզ, մեր երկրի և Երևանի պետական համալսարանի է լինելու»:
Ս. Շուքուրյանն ընդգծեց, որ ուսումնառության ընթացքը ուսանողների հետ համագործակցության միայն սկիզբն է, համագործակցությունը կշարունակվի արդեն աշխատանքային գործունեության շրջանակում:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ ավարտական կուրսի ավագ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գնել Սահակյանը. «Սա իմ երկրորդ բարձրագույն կրթությունն է, դասավանդել եմ ԵՊՀ-ում: ԵՊՀ-ն արդեն 24 տարի է՝ երկրորդ տուն է դարձել ինձ համար: Բայց կյանքը նոր մարտահրավերներ է իր հետ բերում։ Ապագան միջդիսցիպլինար մասնագիտացման մեջ է: Այդ պատճառով է, որ ես ընտրեցի այդ շատ դժվար, բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ճանապարհը: Ես փորձել եմ երկու տարում լինել պարտաճանաչ ուսանող՝ յուրաքանչյուր դասախոսից վերցնելով առավելագույնը: Շնորհակալ եմ այս կենտրոնից և ուրախ եմ, որ կենտրոնում երկար տարիներ դասավանդելով «Ընդհանուր ֆինանսներ» առարկան՝ մտա այս կենտրոն նաև որպես ուսանող:
Այստեղ երկու տարում կարելի է ձեռք բերել այնպիսի գիտելիքներ, որոնք աշխատավայրում հնարավոր չէր լինի ձեռք բերել տասնյակ տարիների ընթացքում»:
Հավելենք, որ լավագույն առաջադիմություն ունեցող ԵՊՀ 42 շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսանող Էդուարդ Ամիրբեկյանն իր ավարտական վկայականը ստացավ կենտրոնի գիտական ղեկավար Ս. Շուքուրյանից: Էդուարդը կենտրոնում ուսանելու տարիներին իրեն դրսևորել է որպես կիրթ, բանիմաց ուսանող, վայելել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և համակուրսեցիների հարգանքը, ինչպես նաև դրսևորել ակտիվ հասարակական գործունեություն: