Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում նախատեսվող միջգիտակարգային մրցույթի հիմնական պայմանները և պահանջները
«Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում անցկացվող միջգիտակարգային մրցույթն ուղղված է երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան)՝ հետազոտական-գիտական նախագիծ ներկայացնելու կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների միջև գործընկերային նոր կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։
Գիտաժողովի կազմկոմիտեն գիտական թեմաների ղեկավարների կողմից միջգիտակարգային մրցույթին առաջադրված երիտասարդ գիտնականների մասնակցությամբ կկազմի համապատասխան խմբեր (էլեկտրոնային եղանակով ծանուցելով այդ մասին), որոնցում կընդգրկվեն տարբեր բնագավառներում աշխատող երիտասարդ գիտնականներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն)։
Այնուհետև ձևավորված խմբերին կկցվեն փորձառու գիտնական-խորհրդատուներ, որոնք կուղղորդեն խմբերին տարվող աշխատանքներում։
Ձևավորված խմբերը գիտաժողովի շրջանակում պետք է պատրաստեն միջգիտակարգային գիտագործնական նախագիծ (առավելագույնը՝ 5 էջ) և մինչև ս․թ․ դեկտեմբերի 13-ը ուղարկեն annualconference@ysu.am էլեկտրոնային հասցեին, իսկ ս․թ․ դեկտեմբերի 15-ին խմբերի պատրաստած նախագծերը կներկայացվեն բանավոր զեկույցի տեսքով (առավելագույնը՝ 5 րոպե տևողությամբ)։
Ներկայացվող միջգիտակարգային նախագիծը պետք է լինի հեռանկարային, իրագործելի և բեկումնային։ Նախագիծը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից․
նախագծի անվանում,
նախագծի հեղինակների անուն-ազգանուն, հաստատություն, հեռախոսահամարներ, էլհասցե,
նախագծի արդիականությունը, նորույթը և յուրօրինակությունը,
նախագծի իրականացմամբ լուծվելիք խնդիրներն ու նպատակը,
նախագծի զարգացման ընթացքը և փուլերը՝ ըստ եռամսյակների (նախագիծը ներկայացնել առավելագույնը 3 տարվա համար),
ակնկալվող արդյունքները (ներառյալ արտոնագրի առկայություն, տպագրություն և այլն),
նախահաշիվ (1 տարվա համար հատկացնել առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ, որի 35%-ը համարել աշխատավարձ, իսկ 65%՝ այլ ծախսեր (սարքեր և նյութեր, գործուղումներ, վերադիր ծախս և այլ)։
Միջգիտակարգային լավագույն երեք նախագծերը կընտրվեն փորձագիտական խմբի կողմից և կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝
առաջին տեղ՝ 1․500․000 ՀՀ դրամ պարգև (1 տեղ),
երկրորդ տեղ՝ 1․000․000 ՀՀ դրամ պարգև (1 տեղ),
երրորդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ պարգև (1 տեղ)։
Ամենամյա ամփոփիչ գիտաժողովի շրջանակում անցկացված միջգիտակարգային մրցույթի արդյունքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։