
Գիրք նվիրելու օրը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում
Գիրք նվիրելու օրը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում
Ժամը 12:00-ին, 13:00-ին, 14:00-ին և 15:00-ին գրադարանի նախասրահից (կենտրոնական մուտքի կողմից) կմեկնարկեն ԵՊՀ ուսանողների և հյուրերի շրջայցեր՝ գրադարանի գործառույթներին, ընթերցասրահներին, օգտվելու կանոններին և ընձեռած այլ հնարավորություններին ծանոթանալու համար:
Ժամը 14:00-ին գրադարանի նախասրահում (կենտրոնական մուտքի կողմից) տեղի կունենա գրադարանում պահվող հնատիպ և հազվագյուտ տպագրությունների ցուցադրության բացումը:
![]() | ![]() | ![]() |
ԵՊՀ գրադարանի աշխատակիցները գրքեր կնվիրեն առավել ակտիվ ընթերցողներին՝ ուսանողներին և դասախոսներին, ինչպես նաև կներկայացնեն հետաքրքիր դրվագներ իրենց աշխատանքային առօրյայից:
Ժամը 14:30-ին ժամանակակից գրող Լուսինե Խառատյանը ճշգրիտ գիտությունների ընթերցասրահում (503) կվարի աշխատարան («Հետազոտողը՝ գրող (և հակառակը)»)՝ գրականության և հումանիտար գիտակարգերի փոխառնչությունների մասին:
Աշխատարանի ակտիվ մասնակիցների համար նախատեսված են նվեր-գրքեր՝ Լուսինե Խառատյանի հեղինակած գրքերը:
Ժամը 15:00-ին բանասիրական գիտությունների ընթերցասրահում (501) տեղի կունենա «Անհատը և հանրայինը. տեքստեր փոխհարաբերության մասին» թարգմանական ժողովածուի քննարկումը:
Բանախոսներն են՝ Հարություն Վերմիշյանը (ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ), Սոնա Մանուսյանը (հոգեբան, սոցիալական հետազոտող, ԵՊՀ «Անձ և սոցիալական միջավայր» լաբորատորիա) և Մարիամ Խալաթյանը (սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» ՀԿ):
Թարգմանական այս ժողովածուն ներառում է քննական հասարակագիտական տեքստեր, որոնք կարող են նպաստել հայաստանյան հանրության առջև ծառացած հասարակական, հոգեբանական, մշակութային, քաղաքական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-պատմական խնդիրների ռեֆլեքսիվ վերլուծությանը։ Ժողովածուում ընդգրկված տեքստերը քննում են սոցիալական հարաբերությունները և կառուցվածքները, ինչպես նաև հանրույթի և անհատի ինքնաճանաչման և սեփական սուբյեկտայնությունն ըմբռնելու հնարավորությունները։
Ժողովածուն նախատեսված է հասարակագիտության տարբեր բնագավառներում դասավանդող և հետազոտող մասնագետների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հանրայինի և իրենց՝ իբրև անհատի հետ կապ ունեցող գործընթացներով։
Ժամը 16:30-ին ժամանակակից գրող Գրիգը ճշգրիտ գիտությունների ընթերցասրահում (503) կվարի աշխատարան՝ ստեղծագրության մոտեցումների ու տեխնիկաների մասին («Ինչպե՞ս կերտել կերպար և տնօրինել ճակատագրեր»):
Աշխատարանի ակտիվ մասնակիցների համար նախատեսված են նվերներ՝ Գրիգի հեղինակած գրքերը:
Ժամը 17:00-ին բանասիրական գիտությունների ընթերցասրահում (501) տեղի կունենա Դ. Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» գրքի քննարկումը:
Բանախոսներն են Լևոն Բաբաջանյանը (ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ), Դավիթ Հայրապետյանը (ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ) և Լիլիթ Հայրապետյանը (գրքի թարգմանիչ):
Քանեմանը վարքաբանական տնտեսագիտության առաջամարտիկներից է, որը մարտահրավեր է նետում ավանդական տնտեսագիտության դրույթներին՝ բացահայտելով կոգնիտիվ աղճատումների դերը որոշումների կայացման ժամանակ: 2002 թվականին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ՝ հոգեբանական բացահայտումները տնտեսագիտության ոլորտ ներմուծելու համար:
2011 թվականին լույս տեսած այս աշխատությունն ամփոփում է մարդկային որոշումների կայացման վերաբերյալ Քանեմանի բեկումնային հետազոտությունները:
Հեղինակը ներկայացնում է մտածողության երկու համակարգ՝ 1. արագ ու ինտուիտիվ և 2. դանդաղ ու տրամաբանական: Գրքի ուշագրավ պատմություններն ու գիտափորձերը վեր են հանում մարդկային ներըմբռնման (ինտուիցիայի) սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների: