ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված մշակութային ճանաչողական արշավի շրջանակում մի խումբ ուսանողներ այցելեցին Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։
Սանահինի վանական համալիրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի հարավ՝ Դեբեդ գետի աջակողմյան բարձրադիր սարահարթի վրա: Կա վարկած, որ այն Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո՝ «սա քան զնա հին» իմաստով: Եղել է հայ միջնադարյան հոգևոր-մշակութային և գիտակրթական խոշոր կենտրոն: Սանահին և Հաղպատ վանական համալիրները համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ:
Հաղպատի վանական համալիրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի համանուն գյուղում՝ Դեբեդ գետի աջակողմյան բարձրադիր լեռնահարթակի վրա: Այն համարվում է Հայաստանի ամենաերկար գործող հոգևոր և մշակութային օջախներից մեկը: Նրա տարեգրությունը 1000 տարուց ավելի է: Այդ ժամանակաշրջանի մասին են վկայում վանքի պատերին փորագրված վիմագրությունները, որոնք պարունակում են անգնահատելի տեղեկություններ վանքի և ժամանակաշրջանի պատմական, քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքի մասին:
Հաղպատի ճանաչված բնակիչներից է եղել բանաստեղծ, երաժիշտ, գուսան, Կովկասի ամենահայտնի և ամենասիրված աշուղներից մեկը՝ Սայաթ-Նովան։ Նա ծնվել է Սանահին գյուղում և իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Հաղպատի վանական համալիրում։
Մշակութային արշավի շրջանակում ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու պատմական վայրերին և նրանց ստեղծման պատմությանը, ինչից հետո ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգի հնչյունների ներքո ելույթ ունեցավ Հաղպատի վանական համալիրի բարձունքում, որտեղ թևածում էին Սայաթ-Նովայի շունչն ու ոգին։
Մշակութային ճանաչողական արշավների շնորհիվ ուսանողների շրջանում ձևավորվում է սեփական արժեհամակարգի, համախմբվածության զգացողություն։ Ընդհանուր առմամբ՝ արշավը ինքնին յուրատեսակ հնարավորություն է՝ ձևավորելու միասնական ուժ և ոգի:
Մեր երկիրը, ունենալով պատմամշակութային կոթողների հարուստ ժառանգություն, յուրաքանչյուր սերնդի հետ նորովի բացահայտման անհրաժեշտություն է զգում: Այս ամենը և դեռ ավելին բացահայտելու ու ճանաչելու միակ բանալին մշակութային ճանաչողական արշավներն են:
Ճանաչենք և պահպանենք մեր նախնիներից ստացած ժառանգությունը։