ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ կայացավ Լալա Մնացականյանի բեմադրած վերջին՝ «Զարմանալի ցեղ» ներկայացումը՝ ըստ Վիլյամ Սարոյանի չորս պատմվածքների։
ԵԹԿՊԻ դասախոս, պրոֆեսոր Աննա Հեքեքյանի՝ ամիսներ տևած քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերականգնված ներկայացմանը մասնակցում էին Լալա Մնացականյանի ընտանիքի անդամները, հարազատները, ուսանողները, գործընկերները և նրա արվեստի սիրահարները։
Դերասանուհին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բարեկամն էր, մշտապես սպասված հյուրն ու գործընկերը։ Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ներկայացնելով դերասանուհու մասին հիշողություններ, իր խոսքում նշեց, որ հաճախ են կազմակերպվել փորձի փոխանակման և վարպետության դասեր: Լալա Մնացականյանի մասին պատմություններ վերհիշեցին նաև նրա ամուսինը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, ԵԹԿՊԻ դասախոս, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, նույն ինստիտուտի դասախոս, ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, ուսանողներ և հարազատ մարդիկ, ովքեր ճանաչում և գնահատում էին սիրված արտիստին։
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը` Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորելով և ավարտելով Երևանի N78 դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։
140 մանրապատումների սցենարի հեղինակ և դերակատար էր։
1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր էր։ Առաջին և իր տեսակի մեջ միակ հայերենով դասագրքի՝ «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի համահեղինակն է։
Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր դերասանուհու շունչն ու ոգին՝ նրան հատուկ նուրբ հումորով և անմիջականությամբ: