ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում անցկացվեց «Կանանց անպտղության ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով քննարկում։
Թեմատիկ զեկուցմամբ հանդես եկավ Կենսաբժշկագիտության ամբիոնի դասախոս, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ադրինե Գրիգորյանը։
Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց թեմայի հետ կապված մասնագիտական հիմնական տերմինաբանությանը, ներկայացվեցին տեսական և պրակտիկ գիտելիքներ։ Մասնակիցները ծանոթացան անպտղության առաջացման պատճառներին և դրանց հետ կապված անհրաժեշտ ախտորոշման մեթոդներին։ Ախտորոշիչ մեթոդներից զատ` ներկայացվեցին նաև բուժման ժամանակակից մեթոդները, մասնավորապես` դեղորայքային բուժման տարբերակը։
Միջոցառմանը ներկա ուսանողներն ու դասախոսներն ակտիվ մասնակցեցին քննարկմանը՝ իրենց հուզող հարցերն ուղղելով բանախոսին։ Բանախոս Ադրինե Գրիգորյանը, մշտապես աշխատելով անպտղություն ունեցող կանանց հետ, պատմեց նաև իր մասնագիտական գործունեությունից որոշ դրվագներ՝ նշելով, որ այդ բնագավառում մասնագետներն առնչվում են թե՛ դրական, թե՛ բացասական հույզերի, ինչը կապված է մասնագիտության առանձնահատկության հետ։
Միջոցառման ավարտին նա մասնակիցներին հորդորեց խնդիր արձանագրելու դեպքում ժամանակին դիմել բժշկի՝ հետագա բարդություններից զերծ մնալու համար։