Դեղագործական միջազգային միավորումը 2009 թվականի սեպտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակել է որպես Դեղագետների միջազգային օր։ Տոնի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել դեղագետների աշխատանքի նշանակության և կարևորության վրա, պաշտպանել նրանց շահերն ու իրավունքները, ինչպես նաև նպաստել մասնագիտությունն ավելի հանրաճանաչ դարձնելուն։
Տոնի այս տարվա խորագիրն էր «Դեղագետներ. բավարարելով համաշխարհային առողջապահական կարիքները»։ Խորագրի առումով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընգծում է հետևյալը. «Դեղագետները մեր առողջապահական համակարգերի անբաժանելի մասն են. նրանք առողջապահական խորհրդատվության և առողջության առաջնային խնամքի, նաև բնակչության առողջապահական կարիքների լուծման նախնական օղակն են: Ինչպես ցույց տվեց COVID-19 համաճարակը, տարածաշրջանային և համաշխարհային առողջապահական ճգնաժամերի լուծման գործում ևս դեղագետներն առաջատար դիրքերում են»:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում նշեցին մասնագիտական տոնը՝ կազմակերպելով ցերեկույթ: Ցերեկույթի կազմակերպիչն էր Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս-փորձագետ Անի Չախոյանը։ Ուսանողներին և դասախոսներին շնորհավորեցին Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը, Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանը և Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դոցենտ Սամվել Վարդապետյանը: Ուսանողներին շնորհավորելուց հետո դեղերի մասին հանելուկներով մրցութային խաղեր անցկացվեցին, իսկ ցերեկույթի ավարտին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվեցին կատարված հարցման՝ «Դասախոսն ուսանողի աչքերով» խորագրով անվանակարգման արդյունքները: