
Ֆարմացիա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի անվանումը |
Ֆարմացիա |
Ուսման տևողությունը |
Մեկ տարի, 60 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը |
Ֆարմացիայի մագիստրոս |
Ուսումնառության լեզուն |
Հայերեն |
Ուսուցման ձևը |
Առկա |
Ուսման վարձը |
650 000 ՀՀ դրամ |
Ծրագրի նպատակները
- Պատրաստել ֆարմացիայի ոլորտի խոր և համակողմանի գիտելիքներով օժտված մասնագետներ, որոնք կլինեն առողջապահական թիմի անբաժանելի անդամ և պաատասխանատու կլինեն դեղորայքի ճիշտ օգտագործման ու բուժառուների անվտանգության համար:
- Ուսանողներին օժտել մասնագիտական կարողություններով՝ ֆարմացիայի ոլորտի տարբեր ուղղություններով (դեղանյութերի սինթեզի, կառուցվածքի հետազոտման և հավաստագրման, ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, դեղանյութերից նոր դեղաձևերի ստացման և այլն) հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար:
Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Գիտելիք և իմացություն
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- ներկայացնելու ֆարմացիայի վերջին նվաճումները, որոնք կիրառվում են աշխատանքում, ուսումնառության և հետազոտության գործընթացներում,
- ներկայացնելո ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների զարգացման ռազմավարական մոտեցումները, տեսությունները և առաջավոր սկզբունքները,
- ներկայացնելու գիտական հետազոտությունների, ինչպես նաև դասավանդման մեթոդների և դրանց առնչվող տեսությունների արդի մոտեցումները։
Հմտություններ
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- ներկայացնելու առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հետազոտական ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու, ինչպես նաև նոր և անծանոթ իրավիճակներում ֆարմացիայի տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար,
- ցուցաբերելու արդյունավետ հաղորդակցման հմտություններ բուժառուների, գործընկերների, առողջապահության ոլորտի այլ մասնագետների և հանրության շրջանում՝ ապահովելով խորհրդատվության տրամադրում և տեղեկատվության տարածում:
Կարողություններ
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- հավաքելու, պահպանելու, մշակելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու և ներկայացնելու տեղեկատվությունը մասնագիտական բարդ խնդիրների լուծման նպատակով՝ վարժ կիրառելով համակարգչային մասնագիտացված արդի ծրագրերը,
- հետազոտելու, վերլուծելու և արժևորելու մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, առաջադրելու դրանց լուծման գիտահենք արդիական մոտեցումներ, կանխատեսելու հնարավոր զարգացումները,
- մշակելու մասնագիտական ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը միտված նորարարական ու ստեղծագործական լուծումներ,
- ծավալելու մասնագիտական և գիտահետազոտական գործունեություն միջազգային ասպարեզում,
- ծավալելու լիարժեք և ինքնուրույն մասնագիտական գործունեություն ֆարմացիայի և առողջապահության ոլորտում՝ կիրառելով մասնագիտական խոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ՝ դրսևորելով պատշաճ վարվելակերպ:
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.
«Ֆարմացիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող կառույցներում` զբաղեցնելով ստորև թվարկված պաշտոնները։
Հանրային և հիվանդանոցային դեղատներ՝
- դեղագետ,
բժշկական հիմնարկներ՝
- կլինիկական դեղագետ,
դեղարտադրող ընկերություններ՝
- դեղարտադրության ոլորտի որակավորված անձ,
- դեղագետ-տեխնոլոգ,
ՀՀ առողջապահության նախարարության դեղային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն՝
- գլխավոր մասնագետ,
- առաջատար մասնագետ,
- մասնագետ,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝
- դեղագետ-տեսուչ,
փորձագիտական կենտրոններ՝
- որակի հսկման և գնահատման փորձագետ,
- փորձագետ,
դեղերի մեծածախ իրացման կազմակերպություններ՝
- պատասխանատու դեղագետ,
- դեղագործական շուկայավարման մասնագետ,
արտասահմանյան դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ՝
- դեղագետ-ներկայացուցիչ,
- դեղերի առաջմղման մասնագետ․
գիտահետազոտական հաստատություններ՝
- հետազոտող-գիտաշխատող,
կթական հաստատություններ՝
դասախոս, ասիստենտ։
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը.
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով, կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի և այլն) և աշխատասենյակներով:
Ֆարմացիայի ինստիտուտում գործող լաբորատորիաները
Դեղերի որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիա
Ֆարմացիայի գիտահետազոտական կենտրոն
Ֆարմակագնոզիայի ուսումնական լաբորատորիա
Ընդհանուր հիգիենայի ուսումնական լաբորատորիա
Թունաբանական քիմիայի լաբորատորիա
Դեղերի արդյունաբերական արտադրության ուսումնական լաբորատորիա
Դեղերի ներդեղատնային պատրաստման ուսումնական լաբորատորիա
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի գիտաուսումնական լաբորատորիա
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու ԵՊՀ գրադարանից և ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Ծրագրի ուսումնական պլանը
Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է այստեղ:
Ծրագրի ընդհանուր կառուցվածքը և բովանդակությունը
«Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 1 (մեկ) տարի է՝ 4 ենթակիսամյակներով: Ենթակիսամյակը տևում է 8 շաբաթ, ավարտվում է քննական շրջանով, իսկ վերջին եթակիսամյակը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Ծրագիրը կազմված է հիմնական մասնագիտական դասընթացներից, ներառում է նաև մասնագիտական պրակտիկա:
Պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ և այլն:
Կրթությունը շարունակելու հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ինչպես Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնների, այնպես էլ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական տարբեր ինստիտուտների ասպիրանտուրայում: