Սոցիալական մանկավարժություն
Բակալավրի կրթական ծրագիր
Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատում 2010-2011 ուսումնական տարվանից գործում է «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիրը:
2023-2024 ուստարվա դիմորդները հնարավորություն ունեն ընդունելության միասնական քննություններ հայտագրելու և հանձնելու տարեկան 2 անգամ՝ հունվարին և հունիսին:
Ծրագրում ուսումնառելու հնարավորություն ունեն միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, որոնք հաջողությամբ կհաղթահարեն ընդունելության որակի չափորոշչային շեմը: «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի ընդունելության համար հարկավոր է հանձնել մրցութային 2 քննություն՝ Հլգ(գ) և Օտլ(գ) կամ Մ(գ) առարկաներից:
Ծրագրի նպատակն է պատրաստել համակարգված գիտելիքների տեր բարձրակարգ սոցիալական մանկավարժներ՝ հանրակրթական դպրոցներում և երեխաների զարգացման, խնամքի ու աջակցության կենտրոններում սոցիալ-մանկավարժական արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
Կրթական ծրագրի շրջանակում ուսանողներին ներկայացվում են սոցիալական մանկավարժության ուսումնասիրության հիմնախնդիրները, երեխաների սոցիալականացման փուլերը, գործոնները, սոցիալական մանկավարժի գործունեության ոլորտները, գործառույթները, մեթոդներն ու տեխնոլոգիաները: Մեկնաբանվում են սոցիալական միջավայրի դաստիարակչական ներգործությունը տարիքային տարբեր խմբերի և տարբեր խնդիրներ ունեցող (վարքային, հաղորդակցական, հոգեբանական, առողջական, սոցիալ-մանկավարժական) անձանց զարգացման գործընթացի վրա՝ սոցիալականացման համատեքստում:
ՀՀ հանրակրթական դպրոցներում սոցիալական մանկավարժի անհրաժեշտությունն ու կարևորությունն ամրագրված են ՀՀ հանրակրթության պետական կրթակարգում (2004 թ.՝ հաստատված ՀՀ Կառավարության կողմից)։ Սոցիալական մանկավարժը կամուրջ է հասարակության սոցիալական տարբեր ինստիտուտների միջև:
Բակալավրիատի կրթական ծրագրի շրջանավարտները, ստանալով սոցիալական մանկավարժի որակավորում, կարող են աշխատել որպես սոցիալական մանկավարժ Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում և երեխաների աջակցության և խնամքի կենտրոններում: