Կրթության կազմակերպում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
1998 թ. Երևանի պետական համալսարանում բացվել է «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագիրը (առկա), որը պատրաստում է կրթության կազմակերպիչներ ոչ միայն Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների, այլև Սփյուռքի ամենօրյա հայկական դպրոցների համար: Մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը երկու տարի է, որի ավարտին շրջանավարտը ստանում է կրթության մագիստրոսի աստիճան, կրթության կազմակերպչի որակավորում:
Ընդունելության պահանջները
Մագիստրոսական ծրագրում ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության ձևաչափով՝ ընդհանուր մանկավարժությունից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է հանգամանորեն ներկայացնել ՀՀ հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերի կառուցվածքը, կրթական քաղաքականության նպատակը, խնդիրները, ռազմավարությունը և իրականացման ուղիները, կրթության համակարգի գործունեության իրավական դաշտը, կրթությունը խթանող գործոնները և կառավարման հիմնահարցերը:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ուսանողներն ստանում են գիտելիքներ կառավարման տեսությունների մասին, ուսումնասիրում են կրթության կառավարման էությունը, սկզբունքները, գործառույթները, մեթոդներն ու ոճերը, ձեռք են բերում կառավարման կարողություններ և հմտություններ, որոնք գործնականորեն ամրապնդվում են մասնագիտական պրակտիկայի ընթացքում:
2009 թվականին ծրագիրը գործում է նաև հեռակա ուսուցմամբ (ուսման տևողությունը 2,5 տարի, նույն որակավորմամբ):
Կարիերայի հնարավորությունները
Այսօր Հայաստանի Հանրապետության հանրակրթական և բարձրագույն դպրոցներին անհրաժեշտ են ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով զինված բանիմաց կառավարիչներ, որոնք ունակ կլինեն կիրառելու նոր մոտեցումներ կառավարչական գործունեության ընթացքում՝ տարբեր իրավիճակներում և իրադրություններում առաջացած խնդիրներին լուծումներ տալու համար: