Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագիր ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն «Մաթեմատիկա» (գրավոր) և «Ֆիզիկա» (գրավոր) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է տրամադրել հիմնարար գիտելիքներ արդի ֆիզիկայի և մաթեմատիկայի հիմնախնդիրների վերաբերյալ, ուսանողի մեջ ձևավորել ոլորտին առնչվող տեղեկություններ ստանալու, համակարգելու և վերլուծելու ունակություններ, ինչպես նաև տրամադրել գիտելիքներ մեքենայական ուսուցման (Machine learning) ալգորիթմների, տվյալների մշակման մոդելների (Data science) և հաշվողական համակարգերի վերաբերյալ: Զարգացնելով մտավոր կարողությունները՝ ուսանողները ձեռք են բերում ֆիզիկական երևույթները հետազոտելու, ժամանակակից տեղեկատվական, հաշվողական և արհեստական բանականության մեթոդների կիրառմամբ տվյալների բազա նախագծելու, մոդելավորելու, ծրագրավորելու և ղեկավարելու կարողություններ։
Առավելությունները
Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը հնարավորություն է ստեղծել ֆիզիկական բազում գործընթացների խորքային վերլուծությունների և նորովի հետազոտման համար (տվյալների բազայի նախագծում, ֆիզիկական տարբեր երևույթների մոդելավորում և գրաֆիկական ներկայացում, ծրագրավորում և ղեկավարում), որն իրականացնելու համար ազդանշանների մշակման մաթեմատիկական մոդելների ու մեքենայական ուսուցման ալգորիթմների իմացությունից զատ՝ անհրաժեշտ է նաև ֆիզիկայի հիմնարար կրթական ծրագրի իմացություն։ Այդ իսկ պատճառով ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրի կրթական ծրագրի իրականացումը խիստ արդիական է և անհրաժեշտ։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև բուհերի ուսումնական և գիտական ստորաբաժանումներում, քոլեջներում և դպրոցներում, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում (ԵՊՀ ՖԳՀԻ), ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, ֆիզիկական հետազոտությունների և ռադիոֆիզիկայի ինստիտուտներում, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ում, «ԼՏ-Պիրկալ» հայ-հունական համատեղ ՓԲԸ-ում, Բյուրականի աստղադիտարանում, ՏՏ բնագավառում գործող պետական և մասնավոր ձեռնարկություններում:
Ծրագրի շրջանավարտներն իրենց ուսումը կարող են շարունակել մագիստրոսական տարբեր ծրագրերում: