Ս․թ․ մարտի 21-ին ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտն այցելեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ և հանդիպեց Ռոմանական բանասիրության ամբիոնի իսպանական բաժնի ուսանողների հետ:
Ողջույնի խոսքում Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանն առանձնահատուկ կարևորեց դեսպանի այցը երկու հաստատությունների կրթագիտական և մշակութային կապերի ու համագործակցության զարգացման, ինչպես նաև իսպաներենի դասավանդման խթանման գործում:
Այս համագործակցության շրջանակում իսպանական բաժնի ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց մասնագիտական պրակտիկան ս․ թ․ փետրվարի 5-ից մինչև մարտի 15-ը անցկացնելու Ուրուգվայի դեսպանատանը, հարստացրել հասարակական-քաղաքական ոլորտում իսպաներենի գործածության իրենց գիտելիքները, քննավերլուծական ունակությունները, ինչպես նաև միջմշակութային ու հաղորդակցական-ճանաչողական իմացությունները:
Հանդիպման ժամանակ ուսանողները ներկայացրին պրակտիկայի ընթացքում դեսպանատանը կատարած ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին և նոր զարգացումներին:
Հանդիպման ավարտին դեսպանը դրվատանքի խոսքեր ուղղեց մասնագիտական պրակտիկան դեսպանատանը անցկացրած ուսանողներին՝ կատարված գիտահետազոտական աշխատանքների և իսպաներենի գերազանց գիտելիքների համար: Նա նշեց, որ մասնագիտական պրակտիկայի վեց շաբաթների ընթացքում ուսանողներն առանձնահատուկ «գույն» հաղորդեցին դեսպանատանը: Նա նաև երախտագիտություն հայտնեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանին՝ իսպաներենի դասավանդումը ֆակուլտետում բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Միջոցառման վերջում դեսպանը վկայականներ հանձնեց դեսպանատանը մասնագիտական պրակտիկա անցած ուսանողներին՝ հույս հայտնելով, որ համագործակցության շրջանակում ապագայում կիրագործվեն նորանոր ծրագրեր: