ԵԼՀ գերմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ գերմաներենի ուսուցիչների և դասախոսների համար «Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային համատեքստում» համաժողովի շրջանակում անցկացվեց երկօրյա սեմինար-վերապատրաստում:
Սեմինարավարն էր «Քլեթ» հրատարակչության գերմաներենի խորհրդատու, վերապատրաստող և բանախոս Ջենիֆեր Սվանդան: Սեմինարն իրականացրին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և ԵՊՀ-ն: Վերապատրաստումներին մասնակցում էին Երևանի և մարզերի ուսուցիչներ, դասախոսներ:
«Դասապրոցեսի կառավարում. «Classroom management»-ը գերմաներենի դասընթացում» վերապատրաստման նպատակն էր ծանոթացնել ուսուցիչներին և դասախոսներին դասի ճիշտ կազմակերպման և կառավարման նորագույն մեթոդներին: Կարևորվեցին դասի նպատակի ճիշտ ձևակերպումն ու վերջնարդյունքը, դինամիկ դասավանդումը, այս կամ այն մեթոդի նպատակային կիրառությունը:
«Գերմաներենը ընկերություններում» սեմինարի նպատակը գերմաներենի՝ ձեռնարկատիրության ոլորտում կիրառությունն էր: Այս դասընթացը ենթադրում է պատրանքային ֆիրմայի ստեղծում, որը հնարավորություն է տալիս օգտագործելու գերմաներենը բիզնես ոլորտում և «Գերմաներենը ֆիրմայում» հայեցակարգն ինտեգրելու դասապրոցեսում: Դասընթացը, որը մշակել է Ջ. Սվանդան, տալիս է լայն հնարավորություններ՝ խորացնելու գերմաներենի գիտելիքները և զարգացնելու համապատասխան հմտությունները կոնկրետ ձեռնարկատիրական իրավիճակներում՝ միաժամանակ խորացնելով միջմշակութային իրազեկությունը:
Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ, բ․գ․թ․ Գայանե Սավոյանը, ով կազմակերպել էր վերապատրաստումները, նշեց՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս համախմբելու գերմաներենի մասնագետներին «մի տանիքի» ներքո, ուր նրանք կարող են ոչ միայն գործընկերների հետ փորձի փոխանակում կատարել, այլև վեր հանել դպրոցներում, բուհերում առկա այնպիսի խնդիրներ, որոնց լուծումները կխթանեն գերմաներենի դասավանդման որակի բարձրացումը՝ ժամանակակից պահանջներին համահունչ: