ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի 4-րդ կուրսի յոթ ուսանողներ 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում մասնագիտական պրակտիկա անցան ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանում: Ըստ նրանց՝ վիրտուալ համալսարանում անցկացված պրակտիկան հագեցած էր և արդյունավետ:
Պատմելով պրակտիկայից ստացած տպավորությունների մասին՝ ուսանողները փաստեցին, որ հետաքրքիր էր հատկապես ուսումնասիրել անգլոամերիկյան մշակույթը, սովորույթները և ինքնատիպ պատմությունը։ Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ առցանց հարթակում, հաղորդակցվելով օտարերկրացիների հետ, ԵՊՀ ուսանողները կիրառում էին իրենց գիտելիքները և անգլերենով ներկայացնում Հայաստանը, հայկական մշակույթը և սովորույթները։
Հայկական վիրտուալ համալսարանի կրթական բաժնի ղեկավարը և մասնագետները յուրահատուկ մոտեցում են ցուցաբերել ուսանողների հանդեպ՝ խրախուսելով նրանց մասնակցությունը դասընթացներին։ Նրանք ներկայացրել են համալսարանի կրթական ծրագրերն ու կրթական գործընթացը, հնարավորություն ընձեռել մասնակցելու ուսանողների հետ առցանց անցկացվող դասընթացներին, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու քննարկումներին:
Որպես ավարտական աշխատանք՝ վիրտուալ համալսարանի մասնագետների ուղղորդմամբ կազմակերպվել է առցանց շնորհանդես՝ նվիրված հայկական ավանդական պարերին: Շնորհանդեսի ժամանակ ԵՊՀ ուսանողները, պատշաճ մակարդակով ներկայացնելով հայկական պարերի ոգին և մշակութային արժեքը, տպավորիչ արդյունք են ապահովել։
Գոհունակություն հայտնելով մասնագիտական պրակտիկայից՝ ուսանողներն ընդգծեցին, որ Հայկական վիրտուալ համալսարանը նորարարական մեթոդներով է աշխատում, ուսանողներին թույլ է տալիս իրական կրթական միջավայրում կիրառել իրենց գիտելիքները, աշխատել ժամանակակից տեխնոլոգիաներով և մասնակցել հայագիտական կրթության զարգացմանը:
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը, ուսանողներին տրամադրելով հետաքրքիր միջավայր, նրանց հնարավորություն է ընձեռել մասնակցելու կրթական ծրագրերին, կիրառելու իրենց գիտելիքները և զարգացնելու միջմշակութային հաղորդակցության կարողությունները։ Ուսանողները կարևորեցին այդ փորձառությունը մասնագիտական ապագա աճի տեսանկյունից։