ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մասնաշենքում գտնվող «ISTC» հիմնադրամի դահլիճում ս․թ․ ապրիլի 10-11-ը տեղի կունենա մասնագիտական սիմպոզիում՝ «Մարքեթինգային հաղորդակցություն և բիզնես խոսույթ. հեռանկարներ և մարտահրավերներ» («Marketing Communication and Business Discourse: Perspectives and Challenges») խորագրով։
ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող այս սիմպոզիումը կհամախմբի մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետների, փորձագետների, գիտնականների, տվյալ ամբիոնի՝ գործնական ոլորտում իրենց դիրքերն ամրապնդած շրջանավարտների, ինչպես նաև մագիստրանտների՝ համատեղելու տեսական գիտելիքը, փորձն ու նորարարական մոտեցումները։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև պանելային քննարկում՝ «Ինչպե՞ս է ԱԲ-ն փոխում մեր կյանքը» («How is AI Changing Our Lives?») թեմայով, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կներկայացնեն արհեստական բանականության ազդեցությունը մեր առօրյայի, մասնագիտական ոլորտների ու համաշխարհային շուկայի վրա՝ բացահայտելով դրա ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները։
Սիմպոզիումի կարևոր բաղադրիչներից մեկը ենթադրում է գործնական աշխատաժողով-քննարկում (Simulation Game), որը հնարավորություն կընձեռի մասնակիցներին խորացնելու գործարար հաղորդակցության, բանակցությունների վարման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունները։ Իրական բիզնես սցենարների հիման վրա իրականացվող ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն կտա մասնագետներին գործնական միջավայրում կիրառելու իրենց գիտելիքն ու հմտությունները՝ հաղորդելով մասնագիտական և միջմշակութային հաղորդակցության փորձը։