Իրանագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի բակալավրիատական կրթությունն իրականացվում է «Իրանագիտություն» կրթական ծրագրով:
Ծրագրի ընդունելության պահանջները
Արևելագիտության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն՝ «Հայոց պատմություն» (գրավոր) և «Հայոց լեզու» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
Ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: «Իրանագիտություն» կրթական ծրագրում ուսանողները սովորում են 4 տարի՝ ստանալով ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ու նեղ մասնագիտական գիտելիքներ:
«Իրանագիտություն» կրթական ծրագրի ուսանողներն իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորություն են ստանում բակալավրի ուսումնական պլանով նախատեսված կազմակերպական ձևերով, այդ թվում՝ գիտամանկավարժական և գիտահետազոտական, որոնց անցկացումը կազմակերպվում է ամբիոնում, ֆակուլտետի և համալսարանի՝ հարակից մասնագիտություններով ծրագրեր իրականացնող ամբիոններում (թյուրքագիտություն, արաբագիտություն), ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի պարսկալեզու ձեռագրերի բաժնում, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում և տարածաշրջանային խնդիրներին առնչվող վերլուծական կենտրոններում ու ծառայություններում, ՀՀ ազգային արխիվում, ինչպես նաև իրանալեզու երկրների համալսարանների և գիտակրթական կենտրոնների հետ համագործակցության շրջանակում:
Մրցակցային առավելությունները
Արևելագիտության ֆակուլտետի «Իրանագիտություն» կրթական ծրագիրը իրանագիտական դպրոցի ամենապահանջված կրթական ծրագիրն է: Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, իսլամագիտության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին: Ելնելով ՀՀ մասնավոր հատվածում և պետական համակարգում որակյալ մասնագետների պահանջարկից՝ ԵՊՀ «Իրանագիտություն» բակալավրիատական ծրագրի շրջանավարտներին առաջարկվում են մասնագիտական նեղ և լայն ոլորտին առնչվող թիրախային դասընթացներ և մասնագիտական հմտություններ:
Կարիերայի հնարավորությունները
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները դառնում են տեղական և միջազգային շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք հնարավորություն են ունենում աշխատելու թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր հատվածում։ Արևելագետ մասնագետները պահանջված են ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարություններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այլ պետական մարմինների տեղեկատվավերլուծական և արտաքին կապերի ստորաբաժանումներում, քաղաքագիտական, տնտեսական և մշակութաբանական հետազոտություններ կատարող ոչ պետական կազմակերպություններում և լրատվամիջոցներում, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող, արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող մասնավոր ընկերություններում։ Շրջանավարտների մի մասը հնարավորություն ունի գիտակրթական գործունեություն ծավալելու այնպիսի կարևոր գիտական կենտրոններում, ինչպիսիք են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը և պետական ու մասնավոր այլ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ:
«Իրանագիտություն» կրթական ծրագրի ընդունելության վերաբերյալ մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Կոնտակտներ
Դեկան` պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Դեկանատ`
Հեռ․՝ (+374 60) 710 573, (+374 60) 710 574, (ներքին՝ 55-73, 55-74)
Էլհասցե՝ orient@ysu.am