ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Քաղաքակրթություններ և պատերազմներ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը, որի բացման հանդիսավոր արարողությունից առաջ տեղի ունեցավ ֆակուլտետի երեք լսարանների բացման արարողություն:
Միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանի պետական համալսարան են ժամանել հյուրեր Ուրուգվայից, Գերմանիայից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Տարբեր թեմաներով զեկուցումներ ներկայացրին 50 հետազոտողներ, որոնցից 10-ը՝ օտարերկրյա կրթական հաստատություններից։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Էդիկ Մինասյանը մինչ գիտաժողովի մեկնարկը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆակուլտետի երեք լսարաններ անվանակոչվեցին ակադեմիկոսներ Հ․ Մանանդյանի, Լ․ Խուրշուդյանի և Հ․ Սիմոնյանի անուններով, քանի որ նրանք մեծ հետք են թողել Երևանի պետական համալսարանի պատմության մեջ:
Անդրադառնալով «Քաղաքակրթություններ և պատերազմներ» խորագրով երկօրյա գիտաժողովի կազմակերպմանը և դրա կարևորությանը, Է. Մինասյանն ասաց, որ դեռ մեկ տարի առաջ էր ծրագրված միջազգային գիտաժողովի կազմակերպումը՝ նվիրված պատմաբանի օրվան: Ֆակուլտետի դեկանը վստահեցրեց, որ քննարկումները կանցնեն գիտական մեծ արդյունավետությամբ և կլինեն շարունակական:
Մոնտեվիդեոյի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Ֆրեգան գիտաժողովին ներկայացրեց «Պատերազմը և հեղափոխությունը Ուրուգվայ պետության կայացման գործընթացում, 1810-1830 թթ.» թեմայով զեկուցում: Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ իր համար գիտաժողովին մասնակցելը հրաշալի առիթ էր Հայաստան այցելելու և համալսարանների միջև գործակցային կապն ամրապնդելու տեսանկյունից:
«Մասնակցելով գիտաժողովին՝ նպատակ ունեմ հայ գործընկերներիս ներկայացնելու Ուրուգվայի 19-րդ դարի պատմության հետաքրքիր դրվագները, առավել խորությամբ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու անցած ուղուն, ինչը հնարավորություն կտա հատման կետեր գտնելու Ուրուգվայի և Հայաստանի պատմությունների միջև»,- ասաց Ա. Ֆրեգան:
Գիտաժողովին մասնակցում էին նաև երիտասարդ հետազոտողներ: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ Արմինե Տիգրանյանը ներկայացրեց իր գիտական փորձառությունը, որը գրեթե երկու տարիների ընթացքում է ձեռք բերել: Արմինեի խոսքով՝ միջազգային գիտաժողովները հնարավորություն են ընձեռում ոչ միայն սեփական հետազոտությունները ներկայացնելու, այլև գործակցային ամուր կապեր ստեղծելու միջազգային գործընկերների հետ: