ԵՊՀ պատմության ֆակուլտետը բուհ-դպրոց համագործակցության շրջանակում հյուրընկալեց Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի աշակերտներին, որոնք «Հայոց պատմություն» առարկայից իրականացնում են հետազոտական աշխատանք։
Շրջայցի ընթացքում աշակերտները հանդիպեցին Պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանին: Նա ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերը, ուսումնառության հնարավորությունները և պատմագիտության ուսումնասիրության արդի մոտեցումները։
Աշակերտներն այցելեցին ԵՊՀ հնագիտական հետազոտությունների լաբորատորիա, որտեղ ծանոթացան հնագիտական պեղումների արդյունքներին, ուսումնասիրեցին տարբեր հնագիտական նյութեր և տեղեկացան այդ ոլորտում կատարվող հետազոտությունների մասին։
Թագավորական տներին նվիրված դասախոսությունը վարեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Քանի որ աշակերտները կատարում են հետազոտական աշխատանք հենց այս թեմայով, դասախոսությունը կարևոր ուղեցույց դարձավ նրանց ուսումնասիրությունների համար։
Աշակերտները շրջեցին ֆակուլտետում՝ ծանոթանալով համալսարանական միջավայրին։
Պատմության ֆակուլտետը շարունակելու է համագործակցել դպրոցների հետ՝ աջակցելով աշակերտների պատմագիտական հետաքրքրությունների ձևավորմանը և հետազոտական աշխատանքների խթանմանը։