Կառավարման հոգեբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրի ընդունելությունն իրականացվում է բանավոր քննության հիման վրա: Քննության հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում: Տարեկան ուսման վարձի չափը կազմում է 800 000 ՀՀ դրամ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել կառավարման, կազմակերպական, կիրառական և սոցիալական հոգեբանության բնագավառների հետազոտողներ և գիտագործնական գիտելիքներ ունեցող մասնագետներ, որոնք ունակ կլինեն վերլուծելու և համակարգելու պետական և ոչ պետական կառավարման ոլորտներին առնչվող հոգեբանական հիմնախնդիրները, իրականացնելու կազմակերպություններում առաջացող հոգեբանական խնդիրների կանխատեսում, գնահատում, վերլուծություն, կարգավորում և հոգեշտկողական աշխատանք, մարդկային ռեսուրսների կառավարում, ներդնելու կազմակերպությունների միջավայրում գիտահետազոտական նվաճումների արդյունքները, մասնագիտական գիտելիքները և իմացությունը, ինչպես նաև կազմակերպելու և ուղղորդելու կազմակերպության գործունեության կառավարումը հոգեբանական խորհրդատվության միջոցով։
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին հոգեբանական ծառայություն իրականացնելու կազմակերպությունում, վարելու թրեյնինգային ծրագրեր, վերլուծելու ոլորտում առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները:
Կարիերայի հնարավորությունները
«Կառավարման հոգեբանություն» ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու պետական և ոչ պետական հաստատություններում (ՀՀ բանկեր, ՏՏ ոլորտի ՄՌԿ բաժին, գովազդային գործակալություններ, կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ, հեռուստատեսություն, առևտրային, ձեռնարկատիրական, արտադրական կազմակերպություների համապատասխան ենթակառուցվածքներ)` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
- հոգեբան-խորհրդատու,
- հասարակայնության հետ կապերի ենթակառուցվածքի հոգեբան,
- մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ,
- գիտակրթական ծրագրերի համակարգող,
- սոցիալ-հոգեբանական ծրագրերի համակարգող,
- մարքեթինգի բաժնի հոգեբան,
- ուսումնական կենտրոնի հոգեբան,
- թրեյնինգային ծրագրերի պատասխանատու:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում։
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյան
(+374 60) 710 637, 76-37
psydep@ysu.am