Կրոնական զբոսաշրջություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
2021 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանում բացվեց նոր՝ «Կրոնական զբոսաշրջություն» կրթական ծրագիրը։
Ընդունելության պահանջները
Աստվածաբանության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն՝ «Հայոց պատմություն» (պարտադիր) և «Հայոց լեզու և գրականություն» կամ «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Իտալերեն» կամ «Իսպաներեն») առարկաներից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է համակողմանի գիտելիք տալ հայ եկեղեցու և կրոնների պատմության վերաբերյալ, որպեսզի ուսանողները կարողանան Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին պատշաճ ներկայացնել մեր վանքերի և եկեղեցիների հարուստ պատմությունը, «Հայաստանի կրոնական խճապատկերը» և այլն։
Ծրագրի շրջանակում ուսանողներն ստանում են մասնագիտական խորքային գիտելիքներ տարբեր բնագավառների վերաբերյալ, ինչպես՝ «Բիզնեսի կառավարում», «Ծառայությունների ոլորտի էկոնոմիկա», «Մենեջմենթի հիմունքներ», «Սերվիսի հիմունքներ», «Տուրիզմի հիմունքներ», «ՀՀ զբոսաշրջության դեստինացիաներ», «Հյուրանոցային տնտեսության կառավարում», «Ուխտագնացային տուրերի կազմակերպում», «ՀՀ առողջարանային համալիրները և հանգստի գոտիները» և կարևոր այլ առարկաներ։ Ուսումնական պլանում գերակշռում են նաև պատմագիտական առարկաները («Հայոց պատմություն», «Հայաստանի հարակից երկրների պատմություն»), որոնց ուսուցումը կարևոր դեր ունի զբոսավարի մասնագիտական կայացման գործում։
Ուսումնառության ընթացքում ուսանողները կշրջագայեն Հայաստանի բոլոր տեսարժան վայրերում, որոնք հրապուրում են զբոսաշրջիկներին (Հաղպատ, Սանահին, Նորավանք, Գոշավանք, Ամբերդ, Խոր Վիրապ, Մակարավանք, Տաթև, Հաղարծին, Գառնի, Գեղարդ և այլն)։
Այսպիսով՝ ուսումնառության 4 տարիների ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու և խորքային ծանոթանալու ամբողջ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններին։
Առավելությունները
Հայտնի է, որ աշխարհում զբոսաշրջային կենտրոնների 80-90 տոկոսը կրոնական են (Երուսաղեմ, Վատիկան, Մեքքա, Շրի Լանկա, Էջմիածին և այլն)։ Այս տեսանկյունից Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր, հետաքրքրում է շատ զբոսաշրջիկների։ Հայաստանում կան հինավուրց եկեղեցիներ ու վանական համալիրներ, հեթանոսական տաճարներ (օրինակ՝ Գառնին, Արտաշատի հեթանոսական տաճարային համալիրը, Երվանդաշատը և այլն), ինչպես նաև կրոնական այլ հուշարձաններ (մզկիթներ), որոնք նույնպես գրավում են զբոսաշրջիկներին։
Այս համատեքստում կարևորվում է հատկապես «Կրոնական զբոսաշրջություն» կրթական ծրագիրը։ Այս ոլորտը Հայաստանում դեռևս խորությամբ ուսումնասիրված չէ, և աշխատաշուկայում դեռևս շատ քիչ են բարձրակարգ մասնագետները։ Նշյալը հիմք ընդունելով՝ ԵՊՀ-ում ստեղծվել է «Կրոնական զբոսաշրջություն» կրթական ծրագիրը, որը տարբերվում է Հայաստանի այլ համալսարաններում գործող տուրիզմի բաժիններից։ Հաշվի առնելով մասնագիտության կարևորությունը և պահանջարկն ամբողջ աշխարհում՝ ծրագրի ուսանողները հնարավորություն կունենան սովորելու ոչ միայն եվրոպական, այլև արևելյան լեզուներ՝ պարսկերեն, թուրքերեն և չինարեն, ինչն էական նշանակություն ունի որակյալ մասնագետների կայացման գործում։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու համանուն կրթական ծրագրի մագիստրատուրայում։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, ունենալով գործակցային կապեր աշխարհի տարբեր երկրների՝ արևմտաեվրոպական, ռուսական և ամերիկյան բուհերի հետ, պարբերաբար հյուրընկալում է օտարերկրյա պրոֆեսորների, որոնք հանդես են գալիս դասախոսություններով՝ նպաստելով փորձի փոխանակմանը և ուսանողների մասնագիտական հմտությունների ու գիտելիքների զարգացմանը։ Բացի դրանից՝ փոխանակման ծրագրերի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու արտերկրի բուհերում։ Գործակցային ամուր կապեր են հաստատված հատկապես Գերմանիայի, Իտալիայի և Բելգիայի համալսարանների հետ, որտեղ ուսումնառում են հայազգի բազմաթիվ ուսանողներ։